Միգուցե Փաշինյան-Պուտին միջանձնային հարաբերու...

Դատելով երկու կողմերի հայտարարություններից՝ բավականին ջերմ և անկեղծ զրույց ու լավ հանդիպում են ունեցել երկու երկրների ղեկավարները, այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեկ՝ հունիսի 6-ին, Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման մասին: Քաղաքագետը, սակայն, ընդգծեց՝ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումների ընթացքում մշտապես միմյանց կոմպլիմենտներ են շռայլում, բայց հետագայում շատ հաճախ տեսնում ենք, որ կան որոշակի «ստորջրյա խութեր», որոնց մասին, բնականաբար, մամուլի առջև բարձրաձայն չեն հայտարարում: 

«Սա էլ հավանաբար, այդ ժանրից է: Ակնհայտ է, որ չնայած փոխադարձ հաճոյախոսություններին և երկու երկրների մասին գոհոնակություն հայտնելուն՝ կան որոշակի խնդիրներ: Միգուցե՝ նաև Փաշինյանի և Պուտինի միջանձնային հարաբերություններում խնդիրներ՝ ավելի շատ, քան միջպետական հարաբերություններում»,-ասաց Վարդանյանը: 

Հարցին, թե ո՞րն է Փաշինյան-Պուտին միջանձնային հարաբերություններում եղած խնդիրների պատճառը, քաղաքագետը նշեց.«Հայաստանում երկարատև ընդմիջումից հետո իշխանության է եկել մի քաղաքական ուժ, որի ղեկավարը անմիջականորեն չի նշանակվել կամ, այսպես ասած, «դաբրո» չի ունեցել Կրեմլի կողմից: Թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին բավականին ջերմ հարաբերություններ են ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, և կան լուրջ տեսակետներ, որ իրենց առաջադրումները նախագահի պաշտոնում համաձայնեցրել են Ռուաստանի ղեկավարության հետ: Այս անգամ այդպիսի բան չի եղել: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը Կրեմլը չկարողացավ կառավարել. նրանց ֆավորիտ, սիրելի թեկնածուն էր Կարեն Կարապետյանը, բայց տեղի ունեցավ իրենց համար ոչ ցանկալի սցենար, և Հայաստանում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, որը փորձում է հնարավորինս ինքնուրույնություն ցուցաբերել երկկողմ միջպետական հարաբերություններում: Եվ, հավանաբար, ինչ-որ հարցեր կան, որոնցով պայմանավորված էլ Նուր-Սուլթանում չեղարկվեց նախապես հայտարարված Փաշինյան-Պուտին հանդիպումը»:

Հարցին՝ կարո՞ղ են միջանձնային հարաբերություններում առկա խնդիրներն անդրադառնալ միջպետական հարաբերությունների որակի վրա, ՄԱՀՀԻ փորձագետը պատասխանեց.«Տեսականորեն կարող են, որովհետև միջազգային հարաբերություններում, նաև՝ պատմության մեջ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ երկու երկրների ղեկավարների միջանձնային վատ հարաբերությունները անդրադարձել են նաև միջպետական հարաբերությունների վրա: Բայց, բարեբախտաբար, դա ակնհայտորեն չի ազդում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա: Համենայն դեպս, որևէ քաղաքական ճգնաժամ միջպետական հարաբերություններում այս մեկ տարվա ընթացքում չի եղել, միմյանց նկատմամբ սուր մեղադրանքներ ևս չեն եղել՝ բացառությամբ՝ երբ Լավրովը Հայաստանի իշխանություններին մեղադրեց, որ խոստացել են, թե ճնշումներ չեն լինելու նախորդ իշխանությունների հանդեպ, բայց Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է, ու նաև Խաչատուրովի հետ կապված, բայց, կարծես թե, հարթվել են այդ խնդիրները, չեն երևում: Կարծես թե, այսբերգի վերևի հատվածում, ամեն ինչ նորմալ է, իսկ թե ստորին հատվածում ինչ կա, վերլուծաբաններին այդքան էլ տեսանելի չէ, քանի որ հրապարակայնորեն ցույց չի տրվում հանրությանը»:

Մարիամ Սարգսյան