Արմեն Սարգսյանը միացավ «Փաշինյան-Ալիեւ-Էրդողա...

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, ըստ որի Արմեն Սարգսյանն առանձին դիմումով դիմելու է ՍԴ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Միաժամանակ նաեւ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը, որի միջնորդությունը ներկայացվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Սա ի դեպ, երկրորդ անգամ է, որ Փաշինյանի սույն խնդրով միջնորդությունը չի ստորագրում Արմեն Սարգսյանը։

Նախագահականի երկարաշունչ եւ մանվածապատ հայտարարությունից կարելի է կարծել, թե նա հերոսություն է գործում եւ որոշել է ընդդիմանալ Փաշինյանին, սակայն իրականում շատ ավելի խղճուկ վիճակում է հայտնվել, քան կարելի է պատկերացնել։ Եվ այսպես, եթե նայենք Սահմանադրությունը, ապա ՀՀ Սահմանադրություն հոդված 139-րդ 2-րդ եւ 3-րդ մասերում կարդում ենք․ «2. Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին:

Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: 3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»։ Ստացվում է, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրում վարչապետի առաջարկը, սակայն այն քանի որ առարկությունները չեն ընդունվել եւ հետ են վերադարձվել, իսկ նախագահն էլ չի դիմում ՍԴ առաջարկի հիմքով, այլ առանձին դիմումով է դիմում ՍԴ մի ողջ օրենքի սահմանադրականությունը ճշգրտելու համար, ապա որոշումը մտնում է ուժի մեջ արդեն օրենքի ուժով։

Սա ըստ էության, հաստատում է Արթուր Ղազինյանի՝ այսօր առավոտյան արած գրառումը, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը եկել են ընդհանուր հայտարարի եւ որոշել իրավական աճպարարության դիմել։

Հիշեցնենք, որ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրել էր «Իմ ունեցած տեղեկություններով, Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործել Նիկոլ Փաշինյանի Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը չորեքշաբթի կդիմի Սահմանադրական դատարան՝ բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով»։ Սա սակայն միայն միակողմանի աճպարարություն չէ, այլ Արմեն Սարգսյանը վիճարկելու է այն հիմքը, ըստ էության, որով միջնորդություն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը։

Իհարկե, մի կողմից սա ունի միայն մեկ մեկնաբանություն՝Արմեն Սարգսյանն հերթական անգամ ապացուցեց, որ իր համար Հայաստանը պարզապես երկիր է, որտեղ այս պահին ապրում է, իսկ Նիկոլ Փաշինյանն այն մարդը, ում մոտ աշխատում է որպես Հանրապետության նախագահ։ Եվ ըստ էության, նրա համար ոչ մի արժեք չունի Հայաստանը որպես Հայրենիք, եւ Հայ ժողովրդի պահանջը։ Կամ էլ, Արմեն Սարգսյանը վախեցել է Նիկոլ Փաշինյանի ճնշումներից եւ որոշել նահանջել, հերթական «լոլոները» բովանդակող հայտարարությունը որպես «լափշա» կախելով ժողովրդի ականջներից։ Սակայն մյուս կողմից, Արմեն Սարգսյանի որոշել է կարծես թե ավելի խորամանկ լինել, քան Փաշինյանն է եւ դիմել է ՍԴ վիճարկելով այն օրենքը, որի հիմքով ներկայացվում է միջնորդությունը։ Սա իհարկե կարող է ծավալուն իրավական պրոցես սկսի, սակայն թե դրանում ինչ օգուտ կլինի, դժվար է ասել, որովհետեւ այս պահի դրությամբ դեռ մինչեւ երկուշաբթի ժամը 9։00-ն Օնիկ Գասպարյանը ԳՇ պետ է։

Ինչ էլ լինի, բայց այն, որ Արմեն Սարգսյանը նման ոլոր-մոլոր ճանապարհ է ընտրել, որպեսզի «ոչ շիշը վառվի, ոչ քյաբաբը», արդեն խոսում է այն մասին, որ նա թուլակամ է եւ կամաց-կամաց խաչ է քաշում որպես Հանրապետության նախագահ իր կենսագրության վրա եւ ընկալվելու է որպես Փաշինյանի դրածո, եւ մաս «Փաշինյան-Ալիեւ-Էրդողան» դաշինքին, քանի որ Փաշինյանին աջակցում են այժմ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները։