
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը սեպտեմբերին իջել է պատմական նվազագույն մակարդակի։ Այս մասին են վկայում Le Journal du Dimanche (JDD) թերթում հրապարակված Ֆրանսիական հասարակական կարծիքի ուսումնասիրության ինստիտուտի (IFOP) անցկացրած հարցման արդյունքները։
Ֆրանսիայի նախագահի գործունեությունից գոհ է հարցվածների ընդամենը 19%-ը, ինչը 5 տոկոսային կետով ավելի քիչ է, քան օգոստոսին և «հետազոտությունների անցկացման ողջ պատմության ընթացքում ամենացածր ցուցանիշն է», - նշում է ինստիտուտը։ Հարցվածների առնվազն 81%-ը դժգոհություն է հայտնել Մակրոնի աշխատանքից, որոնցից 50%-ը նշել է, որ «շատ» հիասթափված է, իսկ 31%-ը՝ «ավելի շուտ» հիասթափված։ Ամենամեծ աճը գրանցվել է մանր առևտրականների և ձեռներեցների շրջանում (+20 տոկոսային կետ՝ մինչև 80%) և 65-ից բարձր տարիքի քաղաքացիների շրջանում (+10 տոկոսային կետ՝ մինչև 79%)։ Հարցվածների թվի և հարցման ժամկետների մասին տեղեկություն չի տրվում։
Սեպտեմբերի 8-ին Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն, Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) պատգամավորների կողմից իր կառավարությանը վստահության հարցի վերաբերյալ քվեարկությունից առաջ, մատնանշել է երկրի տնտեսության մեջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը, որը հիմնականում առաջացել էր պետական պարտքի արագ աճի պատճառով: Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, որ այս իրավիճակին հանգեցրել են հաջորդական կառավարությունների, այդ թվում՝ Մակրոնի քաղաքականությունը: Պատգամավորների մեծամասնությունը, ի վերջո, քվեարկել է կառավարությանը վստահության դեմ, ինչից հետո՝ սեպտեմբերի 9-ին Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակվել զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկոռնյուն: