Ժամանակ առ ժամանակ, երբ ներհայաստանյան տիրույթում հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցեր են առաջանում, հասարակության մեջ մի բնական հարց է առաջանում․ իսկ ուր է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
Թող ներվի ասել, սակայն նրա անգո գոյությանը հասարակությանն այնքան է սովորել, որ նույնիսկ ֆեյսբուքյան հարթակում սկսել են անեկդոտներ պտտվել այդ անգո գոյության հետ կապված, ինչպես օրինակ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրախաղերով Հայաստանում գտնվելու օրերին հանդիպել է Երեւանի քաղաքապետի հետ։ Կամ կարեւոր հարցերում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Google-ով էլ «ռոզիսկ» տաս չես գտնի։
Հայաստանում բավական լուրջ խմորումներ են ընթանում, որոնք մեծ հաշվով օտար են հայկականության ոգուն, քանի որ հայկականության շրջանակում չի տեղավորվում ասենք գործող վարչապետի ընտանիքիգրեթե ամբողջական՝ մեծով ու փոքրով ներգրավումը քաղաքական ինչ-ինչ խաղերին, կամ դատավորների հանդեպ ճնշումների բանեցումը անձնական կյանքի հանրայնացման սպառնալիքով, եւ այլն։
Նույնիսկ եթե ամբողջ աղմուկը լրագրային տարածքում է, այնուհանդերձ, գոնե բարոյական ազդեցություն ունեցող «Անգլիայի թագուհի» համարվող նախագահ Սարգսյանը պետք է առնվազն «փռշտար» ու գոնե հանդես գար համերաշխության կոչով, ինչպես օրինակ հանդես եկավ «Արմենիայի» նախկին պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը իր վերջին հոլովակում։ Առհասարակ, մի պարզ հարց ձեւակերպենք, Արմեն Սարգսյանին հետաքրքրում է Հայաստանը, թե ոչ, ու երբ է գալու նրա խոսելու ժամանակը։



