
Մենք շարունակում ենք լսել վկաներին, վկաների հարցաքննությունները մոտենում են ավարտին, կարծում եմ՝ մոտ մեկուկես, երկու ամսից կավարտենք, 3 վկա է մնացել հարցաքննության, որից հետո շատ երկար փուլ ենք սկսում, գրավոր ապացույցների հետազոտում, որը տևելու է ամիսներ կամ ավելի երկար, որից հետո պաշտպանական կողմի ապացույցները, և մենք բազմաթիվ ապացուցներ ունենք։ Այս մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Կարճ ասած այդ դատական նիստն, իր այսօրվա վիճակով, կարծում եմ տևելու է շատ երկար։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հետապնդումը շարունակվում է։ Եվ ես, առիթը օգտագործելով, ուզում եմ իմ զարմանքը հայտնել վարչական հսկողության ամենախիստ միջոցի կիրառման կապակցությամբ, որի անունը մենք դրել ենք կիսատնային կալանք։
Դեռ անցյալ տարի, երբ որ Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ էլ կիրառել են, նույնպես անհասկանալի էր այս միջոցը, ես նաև հանրությանը տեղեկացնեմ, որովհետև շատերը հարցնում են բա ինչի համար է, սրա նպատակը որն է, որ հատկապես երեկոյան ժամերին անձին արգելում են տնից դուրս գալ։
Այո, որոշակի դեպքերում, այս միջոցն ունի իր պիտանելիությունը։ Խոսքն օրինակ վերաբերում է այն մարդկանց, ովքեր օրինակ գիշերը դուրս են գալիս, գնում կռիվ են անում, դրա համար է նախատեսված այս միջոցը։
Արմեն Աշոտյանի նկատմամբ, Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ, այլ անձանց նկատմամբ կիրառելու տրամաբանությունը ընդհանրապես ես չեմ հասկանում»,-ասել է Մելիքյանը։