«Շաբաթներ անց վերահաստատում եմ կարծիքս՝ այսօրվա կառավարությունը հատկապես արտաքին քաղաքական դաշտում մեծապես տալիս է առիթներ նույն բանը ասելու և զարդարելու ասածս նորանոր օրինականերով: Նիկոլ Փաշինյանի անձնական և քաղաքական աքիլեսյան գարշապարը՝ ամենթույլ տեղը, արտաքին քաղաքականությունն է: Այս մարդիկ մինչև այսօր՝ իշխանափոխությունից մեկուկես տարի հետո մտածում են, որ կարող են իրենց բառերով ասած՝ հեղափոխության շնորհիվ արտաքին աշխարհին «վաճառել» Հայաստանի պետական շահը, որովհետև մենք դեմոկրատական պետություն ենք: Դեսպանահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթը այդ իմաստով խայտառակ էր, հատկապես որ նա ևս մեկ անգամ հաստատեց, որ դա չի ստացվում: Հեղափոխությունը կապիտալիզացնել արտաքին դաշտում չի ստացվել ու այլևս չի ստացվելու: Ի սկազբանե հանացավոր մանկամտություն էր մտածելը, որ եթե դու Հայաստանում արել ես այսպես կոչված ժողովրդավար հեղափոխություն, ուրեմն այլևս Հայաստանի և Արցախի ժողովուրդներին ոչինչ չի սպառնում»,- Politik.am-ի հետ զրույցում ներկայիս իշխանության վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ նման կարծիք հայտեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Վերջինիս խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումից մինչև Հայասատան-Ռուսաստան հարաբերություններ, ԱՄՆ-ի և Եվրոպական միության, Իրանի և Չինաստանի ուղղություններով, մեկ տարվա ընթացքում այս կառավարությունը չունի գեթ մեկ ձեռքբերում: Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում շաբաթ առ շաբաթ նոր կնճիռներ են հասունանում, որոնք շատ տեսանելի են:
«Այնքան ակնառու էր մեր իշխանության ժամանակ ձեռքբերումները, որ անգամ իշխանությանը հարող, բայց ոչ իշխանական կուսակցությունների ղեկավարները ասում էին, որ արտաքին քաղաքականության հիմնական ձեռքբերումները նախկին իշխանությանն էին: Օրերս դրա մասին խորհրդարանում լսեցինք»,- հավելեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով ռուսական մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, ըստ որոնց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հաստատել Լեհասատում կայանալիք միջազգային տնտեսական ֆորումին իր մասնակցությունը հանուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Արմեն Աշոտյանին խնդրեցեինք մեկնաբանել՝ ինչպե՞ս է գնահատում այս քայլը ։
«Վստահ եք չէ, որ սկզբում հայկական կողմը հաստատել էր իր մասնակցությունը: Եթե սկզբում համաձայնություն չլիներ այդ կոնֆերանսի պաշտոնական կայքում Հայաստանի վարչապետի անունը ներառված չի լինում: Գուցե նա հետո է Մոսկվայից դեղին քարտի ծայրը տեսել՝ փոշմանել: Այս փաստը չեմ կապում բուն լեհական ֆորումի հետ, այլ նրա, որ այս իշխանությունները հաշվել չգիտեն, իհարկե Հայաստանը պետք է իր ռազմավարական դաշնակացությունները մշտապես կատարի Ռուսաստանի հետ և հակառակը: Սա աներկբա է, բայց այս իշխանությունը հաշվել չգիտի»:
Դիտարկմանը, որ վարչապետի խոսնակի կողմից նման պարզաբանում եղավ, թե վարչապետի ոչ բոլոր հրավերներն են հաստավում, Աշոտյանն արձագանքեց.
Մենք այնքան սուտ ենք լսել: Սեփական քաղաքական կաշին փրկելու պարզ հնարքը՝ երբ նայում ու ստում են, գրում ու ստում են, այլևս չեն աշխատում: Վստահ եմ՝ նախնականա հաստատում եղել է, հետո փոշմանել են: Ավելին ասեմ՝ վարչապետի աշխատակազմից նաև լրագրողներին են զանգել, որպեսզի հասկանան, թե ով է գնալու լուսաբանելու: Այսինքն՝ վարչապետը ուզում էր գնալ Լեհաստան: Առնվազն մի քանի տասնյակ լրագրող դրա մասին գիտի»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:



