Արմատակա՞ն եք, դե, արմատախիլ արեք   

Նոյեմբերի 8-ին Երևանում անցկացվեց «Հայաստան»  դաշինքի   թմբկահարված  հանրահավաքը:  Ինչու՞ ազդեցիկ չէր, ինչու՞ նստվածք չտվեց հանրահավաքը։ Ո՞րն է լինելու Նիկոլ Փաշինյանի  իշխանությունը  վերջնականորեն կողաշրջելու, այն  հեռացնելու համար  քաղաքական գործողությունը: Այս հարցերի պատասխանները չստացանք բոլորս:

 Հերթակա՞ն , թ՞ե արտահերթ  հանրահավաք

Ի սկզբանե պարզ էր, որ ընդդիմությունը որևէ  հստակ քաղաքական անելիքի մասին չի  հայտարարելու՝ բացի արդեն շրջանառվող  դիմադրության շարժման մասին  գաղափարը  տիրաժավորելուց: Հայեցակարգային էր, թերևս միայն, երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ելույթի առանցքային  շեշտադրումը.  այս իշխանություններին վռնդելու են ՝ լինի ընտրությունների, թե բարիկադների  միջոցով:  Բայց   բարիկադների  համար հստակ գործողություն ևս չառաջարկվեց:  Դրա մասին չխոսվեց, թերևս,  ոչ թե մարտավարության գաղտնիությունից   ելնելով, այլ   քաղաքական սցենարի բացակայության պատճառով: Եթե «բարիկադների» մասով ակնարկը պարզ էր՝ շեշտը դնել  փողոցային  պայքարի վրա, ապա ընտրությունների մասին   հիշատակումը,  զարմանք հարուցող էր:

Հայաստանում   արտահերթ ընտրություններից անցել է  ընդամենը 5 ամիս: Այդ ընտրությունների  ընթացքում  ընդդիմությունն՝ ի դեմս, «Հայաստան» դաշինքի, հայտնաբերեց հարյուր հազարավոր խախտումներ, բայց հենց ինքն էլ  չպահեց իր   խոստումը՝ պայքարել  յուրաքանչյուր  ընտրողի  ձայնի համար: Եվ ուրեմն, ի՞նչ էր ակնարկում Ռոբերտ Քոչարյանը, ո՞ր ժամկետը  նկատի ուներ ընտրությունների մասին խոսելիս, պարզ չդարձավ:

Թեև,  թե ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, թե ՀՀ ԱԺ փոխխոսնակ  Իշխան Սաղաթելյանը  շատ հպանցիկ ակնարկեցին, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական երկարակեցությունը կարող է կասեցվել շաբաթների, ամիսների ընթացքում, սակայն, ժամանակային  նման ոչ հստակ   կտրվածքը   քաղաքական անհեռանկարության մասին է  փաստում: Եթե տարին բաժանենք ամիսների, կստացվի՝ 12 ամիս, իսկ  շաբաթների  դեպքում՝ 52 շաբաթ: Թե  Հայաստանում  ե՞րբ  կսեղմեն իշխանափոխության  քաղաքական   կոճակը, ևս հայտնի չդարձավ: Հայ  ժողովուրդն այդքան չի կարող  սպաասել:  Թերևս, հենց  սա էր պատճառը, որ հանրահավանքի  ժամանակ՝ հրապարակից,  պարբերաբար հնչում էր  «գործողություն»  բառը:

Նոյմբերի  8-ի  հանրահավաքը հերթական անգամ ամրագրեց`բոլորի մոտ խոսելը, վերլուծելը, հանրահավաքի   բովանդակային  թեմատիկան  կոնկրետ  հռետորների  վրա բաժանելը շատ լավ է ստացվում։  Ամրագրվեց  նաև, որ վերստին հույսը տարերայնության  վրա է: Կարծես,  անծրագիր գործողությունը դարձել է  ընդդիմության բրենդը:

Հռչակվեց, որ  տեղերում՝ մարզերում գործելու են դիմադրության «բջիջներ»: Եթե այդ «բջիջները» աշխատելու են  Քոչարյանի  նախընտրական շտաբների նման, ապա լրջագույն արդյուք ակնկալել հակադրության  շարժումից չարժե:

Ընդդիմության լրջագույն մտադրության մասին  կարելի  կլիներ խոսել, եթե   հանրահավաքից  անմիջապես հետո,  «բջիջները» սկսեին դիսլոկացվել Երևանի և մարզերի խոշոր քաղաքների  հանրային վայրերում: Հանրահանավաքը պետք է դառնար  գործողություններ սկսելու, հրահանգավորվելու  և  «բարիկադներ դասավորելու» ազդանշանը: Այդպես չեղավ, չարվեց: Ընդդիմությունն ի  ցույց դրեց այն հանգամանքը, որ  դիմադրության  շարժում սկզբանվորելը չի անցել լրջագույն «տնային պատրաստվածություն»: Չերևաց, որ  հանրահավաքը   ընդամենը քաղաքական  միջոցառում չէր: Այն չազդարարեց երկրի քաղաքական նոր  օրակարգը, հասունացած ատելությունը հունի մեջ դնելու, բողոքական  զանգվածներին մեկ նպատակի մեջ  ձուլելու ստույգ գործողությունը:

Ու՞մ է  քննադատում    ընդդիմությունը ՝յուրայինների՞ն , թե՞  նիկոլականներին

Ակնհայտ է, որ ընդդիմությունը  պայքարի բջիջներ ստեղծելու  գաղափարին հանգել է  իրավիճակն որոշակիորեն  իր ձեռքը վերցնելու նպատակով: Մինչդեռ   խորքային   այդպիսի պայքարի սաղմերի համար, ըստ պատմական փորձի, պետք է գաղափարական աշխատանք տարվեր հանրության տարբեր շերտերի  շրջանում: Դա այն  հիմնային աշխատանքի մեթոդն է, որը  դարերի  ընթացքում չի փոխվել դիմադրության տարբեր  շարժումներ գեներացնողների կողմից:

«Հայաստան» դաշինքը միանշանակ ուներ  հնարավորություն, մարդկային և քաղաքական ռեսուրս, գործիքակազմ նմանօրինակ շերտավոր բացատրական աշխատանքի համար: Ռուբերտ Քոչարյանի  գլխավորած թիմը կարող էր և է  բաց քաղաքական աշխատանք տանել, եթե, իհարկե, դա  բխի իր  քաղաքական կամարտահայտությունից` ակտիվ հետևողական և  պատասխանատու խաղալու Հայաստանի քաղաքական դաշտում:

Եթե Լենինը  նախորդ դարում  կարող էր գաղափարական հզորագույն աշխատանք  տանել և  հասարակության յուրաքանչյուր շերտի, անգամ՝ զինվորականության  հետ հաղորդակցության ուղի հարթել՝ հրատարակելով, օրինակ, «Голос солдата», «Казарма», «Солдатская мысль» թերթերը, ապա այժմ   ժամանակակից    հաղորդակցության մեթոդներով, ազգին   ընդվզման ոգի ներակրկելու, քաղաքական օրակարգ հասունացնելու   ուշագրավ տեխնոլոգիաներն  ուղղակի սպասում են դրանց կիրառողներին:  Հարցն այն է, թե ինչո՞ւ դրանցից չի  օգտվում  արմատական որակված հայաստանյան ընդդիմությունը:

Այն, որ հանրության մի մասը, որը ձայն է  տվել Քոչարյանի ղեկավարած դաշինքին, չցանկացավ մասնակցել հանրահավաքին, պետք է ընդդիմության   խորքային վերլուծության առարկան դառնա:

Քոչարյանի որոշ թիմակիցների ֆեյսբուքյան հարձակումները իրենց իսկ  ընտրողների վրա՝ վերջինների  կողմից ընդդիմության քաղաքական  վարքագծի  քննադատության պատճառով,  հավատարիմ ընտրողների շրջանում  առաջացնում են չընկալվելու բարդույթ  և մարգինալացվելու պատճառ դառնում: «Ընդդիմության ընդդիմություն» հնչող որակումը, կասեի՝ պիտակավորումը, չի խոսում  ընդդիմական թիմի  քաղաքական առողջության մասին: Եթե ընդդիմությունը , չգիտես ինչու, որոշել է հիմա՝ ընտրություններից հետո ՝ պարտության  տարելիցի նախօրեին, արթնանալ, ապա  այդ փաստը  չի կարող չքննադատվել  համախոհների  կողմից: Իսկ թե ինչու՞ է այդ սուր կարծիքը   խոցում ընդդիմության՝ չգիտես որ պահից    Քոչարյանին  միաձուլված որոշ անձանց, մնում է անհասկանալի:  Հոխորտանքը, ընտրողի հետ վիրտուալ շփման մեջ ոչ կոռեկտ պահվածքը, պիտակավորումը չեն նպաստելու ազգասպան  Նիկոլի ընտրազանգվածը «հոսանքազրկելուն»:  

Ստացվում է, որ  ընդդիմությանը չաստվածացնող, չգովերգող, միևնույն ժամանակ, Նիկոլի կողմից  հալածված՝ ֆեյսբուքյան ճշմարիտ խոսքի  համար տուգանված, ոստիկանության դռներով անցած այդ մարդիկ, «այլ» են  համախոհների ճամբարում: Նրանք  միանգամից   որակվում են  «որոշ  ուժերի  գործիք դարձած»: Կարծես, կարիք է առաջանում զատել Քոչարյանին իր  այժմյան թիմից, ինչը միշտ մերժելի եմ համարել:  Այո, շարունակելու եմ լինել ընդդիմության ընդդիմություն, քանի դեռ չեմ տեսել  նիկոլական  իշխանության դեմ  հստակ գործողություններ այն ուժի կողմից, որին  տվել եմ իմ քաղաքական votum-ը՝ վստահությունը:    

Ի՞նչ սպասելիք  կա Քոչարյան  քաղաքական դերակատարից 

 Քոչարյանից սպասելիքները, այնուամենայինիվ,  մեծ են: Նա ունի իր «քաղաքական  դեմքն» ընդունող և չընդունող  ձևավորված  սեգմենտներ: Կան մարդիկ ,որոնք      հարգում  են Ռոբերտ Քոչարյանին՝ որպես կայացած  լիդեր, խարիզմատիկ  քաղաքական դերակատար, բայց չեն կարող համարվել նրա քաղաքական  հետևորդը:ՀՀ երկրորդ նախագահի  բացահայտ պրոռուսականությունը, հռչակած արտաքին քաղաքական պրոռուսական վեկտորը  շատերին է  հեռու պահում իր  գլխավորած ընդդիմական շարժումից:Մարդիկ «եռում են»  իրենց  ներսում, առօրյա շփումներում ցասումից, անելանելիությունից  անգամ արտասվում, բայց չեն կարող միանշանակ ու վերջնական  հարել Քոչարյանին:  Ակնհայտ է կոգնիտիվ դուալիզմը, վերաբերմունքային երկակիությունը:

2021 թվականի  հոկտեմբերի 9-ին,  Մարտակերտում սպանվեց գյուղատնտեսական աշխատանքեր իրականացնող  հայ շինականը: Նրա կողքին այդ պահին գտնվել էր  ռուս պաշտպան-խաղաղապահը: 2021 թվականի նոյեմբերի 8-ին,  Շուշիի հանձնման  տարելիցի  օրը,կրկին ռուսների   քթի տակ, սպանվեց  հայ երիտասարդը: Քոչարյանի շուրթերից՝որպես պառլամենտական ընդդիմության առաջնորդի, չհնչեցին իրավիճակի  հեղինակներին սաստող, մաթ թափ տվող հայտարարություններ: «Շուշիի դեպքը» կարծրացրեց այն միտքը, որ ադրբեջանցիները  չեն սաստվում, չեն վախենում, չեն սարսափում  խաղաղապահների ներկայությունից: Ռուսական զինվորի   հարևանությամբ  հանգիստ կարող են գնդակահարվել հայ՝ ընդ որում, քաղաքացիական անձինք:Այս ամենը  չի նպաստում Քոչարյանի ռուսամետության, ռուսահակվածության  ընկալմանը հանրության շրջանում:  Քոչարյանը  կոնկրետ դիրքորոշում չի հայտնել իրեն  մի քանի անգամ,  տարբեր իրավիճակներում, ուղղվող հարցի վերաբերյալ՝ կապված Հայաստանի հնարավոր  անդամակցության հետ՝ Ռուսաստան-Բելառուս  միութենական  պետությանը: Հանրության մի հատվածի մոտ    կա ձևավորված  մտայնություն, որ   Հայաստանի    «բելառուսացումը» կզրկի մեր երկիրը  ինքնուրույնությունից, կտանի դեպի  ռուսական  վերջնական «սատելիզացիայի»: Այս հարցում՝ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես ասվում է,փորձում է նվագել մի նոտա ցածր:

Հուլիսյան  ընտրություններից հետո, Ռոբերտ  Քոչարյանը   ընդգծված  խուսափում էր   իր էլեկտորատի հետ շփվելուց: Ցավոք, նա   չփորձեց  իրեն մերժած  ընտրախավի հետ ևս աշխատել:

Այս ամենով հանդերձ, Քոչարյանը, որպես  քաղաքական  դերակատար, ուժեղ անհատականություն,  շարունակում է հույս ներշնչել  միջինից բարձր տարիք ունեցող  մարդկանց շրջանում:Ավելին, Ալիևի հայտարարությունները  Հայաստանում ռևանշիստների դեմն առնելու  վերաբերյալ ,բանական մարդիկ համարում են Քոչարյանին ավելի «ձիգ կպնելու», նրան  սատարելու, նրա կերպարից բխող՝ Ալիևի  սարսափը խորացնելու   քաղաքական  դրական մոտիվացիա:

Դատելով հանրային տրամադրություններից, մարդիկ  քաղաքական  վերջին շանսն են տվել

«Հայաստան» անվանումով  քաղաքական  միավորին:   Նիկոլ Փաշինյանին «քաղաքական դիահերձարան» ուղարկելու հանրային սպասելիքների  մթնոլորտում,    դիմադրության շարժումը չի կարող կիսապայքարի սցենար խաղարկել:Նման գործելաոճի  վաղեմությունն անցել է:  Քաղաքական մեռյալ   կամ  ալիքաձև պոռթկումները հանրությունն  այլևս չի հանդուրժելու: Քաղաքական ջերմաստիճանն այն չափ է բարձրացրել մեզանում, որ    ցանկության եւ կամքի քաղաքական «կոմպոզիցիան» չիրականացնելու դեպքում, մարդիկ ուղղակի կքշեն բոլոր ուժերին՝անկառավարելի, անսակարկելի մեթոդներով:   

Եթե այս անգամ էլ խորհրդարանական ընդդիմությունն իր իսկ  ծանրաքարը գցի իր ոտքին, ապա դա կլինի քաղաքական ինքնասպանություն: Եթե ընդդիմությունը շարունակի իր քաղաքական համրությունը  պայմանավորել  դրսի շահերով և  թելադրանքով, չսկսի իշխանությանը զուգահեռ՝  քաղաքական հարթաներում, մամուլում, միջազգային կառույցներում  հնչեցնել Հայաստանում և Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ  իր քաղաքական դիրքորոշումը, եթե շարունակի մնալ ծիկրակող  քաղաքական  ուժ, ապա դիմադրության մասին խոսելը կնմանվի  ժողովրդի դեմ իրակագործվող  քաղաքական դիվերսիայի:

Նա, ով  հրապարակ է հրավիրում  անգետներին, պետք է գնա զիջումների: Նա, ով հրապարակ է  կանչում բանական մարդուն, պարտավոր է կատարել իր խոստումը:  

Լիլիթ Աղեկյան