Արման Հակոբջանյանը Սևանի ափին արդեն ոչ թե մեկ...

Սևանա լճի ափամերձ տարածքներում տուն կամ հանգստյան գոտի ունենալը շատերի համար եղել է երազանք։ Այս մասին գրում է «Հետքը»:

Գործող պաշտոնյաներն աստիճանաբար են մոտենում Սևանին։ Սեւանի ափին առանձնատուն կառուցելու մի անհաջող փորձ 2020 թ․-ին արեց գործարար, ճանապարհաշինական ընկերության սեփականատեր Արման Հակոբջանյանը։

Հակոբջանյանը պետական գնումների ակտիվ մասնակից է։ Նրան պատկանող ճանապարհաշինական ընկերությունը՝ «Կապավոր» ՍՊԸ-ն, միլիարդավոր դրամների պայմանագրեր է ունեցել եւ շարունակում է կնքել պետական կառույցների հետ։ Այդ ընկերությունն է կառուցել Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհը, ներգրավված է նաեւ Հյուսիս–հարավ ճանապարհի շինարարության մեջ։ Արման Հակոբջանյանը նաեւ գազալցակայանների բիզնես ունի։

Սևանի ափին նրա ապօրինի կառուցապատումը, բարձրացած աղմուկից հետո, դադարեցվեց, շինարարությունը կասեցվեց։ 2021 թ․-ին Արման Հակոբջանյանը ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացություն ստացավ Սևանի ափին արդեն ոչ թե մեկ, այլ երկու առանձնատուն կառուցելու համար։ 2020 թ․-ին առանձնատունը կառուցվում էր առանց պարտադիր բնապահպանական փորձաքննության։

2020 թ․-ի սեպտեմբերի 10-ին «Հետքը» գրել էր, որ «Սևանի ափին քաղաքաշինական նորմերի խախտումներով առանձնատուն է կառուցվում»։ Հոդվածում ներկայացրել էինք Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդու՝ Արման Հակոբջանյանի կողմից խախտումներով իրականացվող կառուցապատումը։ Շինարարության մասին ահազանգել էր Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին պաշտոնյան, որին հետեւեց Շրջակա միջավայրի նախարարության պարզաբանումը, որ այդ շինարարությունը կասեցվել է, քանի որ նախագիծը չի անցել ՇՄԱԳ փորձաքննություն։ Այդ պահի դրությամբ առանձնատան պարիսպների մեծ մասը եւ հիմնական շինությունները (առանձնատունը եւ պահակակետ/տնտեսական շինությունը) կառուցվել էին։ 2025 թ․-ի սեպտեմբերի դրությամբ առանձնատան տարածքն ընդլայնվել է, կառուցվել են նոր շինություններ, երկու լողավազան։ 2022 թ․-ին կառուցված լողավազանն, ի դեպ, Սեւանա լճում է՝ բոլոր կողմերից բետոնե պատնեշներով առանձնացված։ Մեր տեսախցիկն արձանագրել է, որ լողավազաններից մեկի ջուրը վերցվում է հենց Սեւանա լճից (լճից ջրառ իրականացնելու համար թույլտվություն է պետք)։