Արգենտինայի նախագահ է ընտրվել Խավիեր Միլեյը

«Ազատությունը գալիս է» աջ դաշինքի մեջ մտնող Լիբերտարիական կուսակցությունը գլխավորող Խավիեր Միլեյը հաղթել է նախագահական ընտրություններում։ Նախնական արդյունքներով՝ նա հավաքել է ընտրողների ձայների 56 տոկոսը։ Միլեյին արդեն շնորհավորել է նա մրցակից, էկոնոմիկայի նախարար Սերխիո Մասան, որը «Միություն հանուն հայրենիքի» կառավարող կոալիցիայի թեկնածուն էր, տեղեկացրել է DW-ն։

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու դա Սիլվան X սոցցանցում հաջողություն է մաղթել Արգենտինայի նոր կառավարությանը՝ Միլեյի անունը չնշելով։

Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչ Ֆոնտը եւս շնորհավորել է Միլեյին X սոցցանցում։ Իսկ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հիասթափված է նրա ընտրությամբ։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում հայտնել է, որ «հպարտանում է» Միլեյով։

Արգենտինայի նոր նախագահ Խավիեր Միլեյը ԲՐԻԿՍ-ին երկրի անդամակցության կողմնակից չէ, ցանկանում է լուծարել Կենտրոնական բանկը եւ առաջարկում է ազգային արժույթը փոխարինել դոլարով։ Նա նաեւ ցանկություն է հայտնել խզել կապերը  Ռուսաստանի, Չինաստանի եւ Բրազիլիայի «կոմունիստական» կառավարությունների հետ։

Տննտեսական խնդիրների լուծման համար թեկնածուն, որի խորհրդանիշը բենզասղոցն էր, մտադիր է լրջորեն կրճատել բյուջեի ծախսերը։