Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը Երուսաղեմում հանդիպում է անցկացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Կողմերը փաստաթղթեր են ստորագրել, նաև հայտարարել երկու երկրների միջև առաջին ուղիղ չվերթերի մեկնարկի մասին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Ըստ հրապարակման՝ հանդիպման ընթացքում երկու առաջնորդները ստորագրել են համաձայնագրեր և հրապարակավ վերահաստատել իրենց քաղաքական դաշինքը՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին։
Asharq al-Awsat-ի փոխանցմամբ՝ Իսրայել կատարած այցի շրջանակում Միլեյը վերահաստատել է Արգենտինայի աջակցությունն Իրանի դեմ արշավին՝ մեջբերելով իր կառավարության նախկինում ընդունած որոշումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն «ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու վերաբերյալ։
Նեթանյահուն բարձր է գնահատել Միլեյի դերն Իսրայելի հետ հարաբերություններում «բարոյական հստակություն» ցուցաբերելու համար։
«Նախագահ Միլեյը.... ցույց է տվել դա՝ կանգնելով հրեա ժողովրդի կողքին, կանգնելով հակասեմական զրպարտությունների դեմ, կանգնելով մեր կողքին կարիքի պահին», - ասել է Նեթանյահուն։
Երկու ղեկավարները նաև հայտարարել են Իսրայելի և Արգենտինայի միջև առաջին անգամ ուղիղ ավիահաղորդակցության մեկնարկի մասին։
Նոյեմբերից Բուենոս Այրեսի և Թել Ավիվի միջև ուղիղ չվերթեր սկսելու քայլը, Միլեյի խոսքով, կամրապնդի երկու երկրների միջև «անխզելի կապը»։
Արգենտինան մեղադրել է Իրանին 1994 թվականին Բուենոս Այրեսում հրեական համայնքային կենտրոնում տեղի ունեցած ռմբակոծության հետաքննության գործում չհամագործակցելու համար։ Միջադեպի հետևանքով զոհվել էր 85 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավորվել։
Մինչ այդ՝ 1992 թվականին, Իսրայելի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 29, վիրավորվել՝ 200 մարդ։
Արգենտինական դատարանները երկու հարձակումների համար էլ մեղադրել են Իրանին, որը միշտ հերքել է իր մասնակցությունը և հրաժարվել է հանձնել կասկածյալներին։
Արգենտինայում է բնակվում Լատինական Ամերիկայում ամենամեծ հրեական համայնքը՝ մոտ 300 000 մարդ, որոնք հիմնականում կենտրոնացած են Բուենոս Այրեսում։



