Առևտրային քաղաքականություն և մաքսատուրքեր․ Մե...

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մարտի 3-ին, Վաշինգտոնում բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Սեբաստյան Հիլլեն, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն։

Հիլլեն նշել է, որ Գերմանիայի կառավարությունը ԱՄՆ վարչակազմից ակնկալում է հստակություն առևտրային հարաբերություններում հետագա քայլերի վերաբերյալ։

«Սա չափազանց կարևոր է ինչպես մեզ, այնպես էլ ամերիկյան ընկերությունների համար։ Միևնույն ժամանակ, Եվրոպական միության համար սկզբունքային նշանակություն ունի միասնական դիրքորոշումը։ Այս կապակցությամբ դաշնային կանցլերը, ինչպես բոլոր մյուս հարցերում, սերտորեն համակարգում է իր գործողությունները եվրոպական գործընկերների հետ և երեքշաբթի Վաշինգտոնում հանդես կգա համաձայնեցված դիրքորոշմամբ»,- ասել է Հիլլեն։

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Գերմանիայի իշխանություններն ակնկալում են, որ ընդհանուր մաքսատուրքերը չեն գերազանցի 15%-ի շեմը, որը համաձայնեցվել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրի շրջանակներում։

«Գերմանիայի կառավարությունը, ինչպես և Եվրահանձնաժողովը, մտադիր է հավատարիմ մնալ ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսատուրքերի վերաբերյալ համաձայնագրին»,- ասել է Հիլլեն։