Արևմտյան լրատվամիջոցներում Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցների հրապարակումը վկայում է այն մասին, որ հենց արևմտյան երկրներն են ամեն կերպ միջամտում այլ պետությունների, նույնիսկ իրենց դաշնակիցների ընտրություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Զախարովան ընդգծել է, որ ավելի քան 10 տարի Ռուսաստանն իր հասցեին լսել է ընտրություններին միջամտելու մեղադրանքներ, սակայն Հունգարիայում քվեարկության շուրջ տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, թե ով է իրականում ձգտում ազդել այլ երկրներում ընտրությունների արդյունքների վրա։
«Երեկ՝ 2026 թվականի մարտի 31-ին, ողջ աշխարհը ստացավ ապացույցներ այն մասին, որ ոչ թե Ռուսաստանն է միջամտում նրանց ընտրություններին կամ որևէ այլ ընտրությունների, այլ արևմտականներն են միջամտում ընտրություններին ողջ աշխարհում»,- ասել է դիվանագետը Sputnik ռադիոկայանի եթերում՝ մեկնաբանելով ԱԳ նախարարների զրույցի մասին ԶԼՄ-ների հրապարակումները։
Նա հավելել է, որ Արևմուտքը սկսել է միջամտել իր սեփական ընտրություններին՝ նրանց ընտրություններին, ում անվանում են իրենց դաշնակիցներն ու գործընկերները։
«Ուստի ստացեք և ստորագրեք։ Դա դուք եք այնտեղ՝ Արևմուտքում, միջամտում ձեր ընտրություններին»,- եզրափակել է Զախարովան։
Հիշեցնենք, որ երեկ ԶԼՄ-ների տրամադրության տակ է հայտնվել ձայնագրություն, որ կարող է վկայել, որ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն սերտ համագործակցություն է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ նրան փոխանցելով ԵՄ գաղտնի քննարկումների մանրամասները և փորձելով ազդել պատժամիջոցների քաղաքականության վրա:



