Արդուկի լարով 44-ամյա տղամարդու սպանության հա...

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 44-ամյա տղամարդու սպանության դեպքը:

Ինչպես  տեղեկանում  ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2023 թվականի հուլիսի 12–ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Երկաթուղայինների փողոցի տներից մեկում վարձակալական հիմունքներով բնակվող, Մարտունի համայնքում հաշվառված 20-ամյա երիտասարդը սպանել է նշված տան 44-ամյա սեփականատիրոջը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Դեպքի առթիվ, սպանության հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների և ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերոհիշյալ երիտասարդը հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է:

Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա իրավապահներին ներկայացրել է քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

Մասնավորապես, քննությամբ ներկա պահին ձեռք բերված տվյալներով՝ 2023 թվականի հուլիսի 11–ին ժամը 00։30–ի սահմաններում տան սեփականատիրոջ և երիտասարդի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում տան սեփականատերը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել երիտասարդի հասցեին, ինչի համար վերջինս արդուկի լարով խեղդել է 44-ամյա տղամարդուն, ապա՝ դին թաքցրել տան պահարանում։

Դեպքի վայրի զննությամբ տան հյուրասենյակի պահարանում հայտնաբերվել է արական սեռի դիակ՝ բռնության հետքերով, ինչպես նաև հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք արդուկը:

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 20-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: