Արդեն մի քանի օր է, ինչ վայելում եմ անձնական...

Արցախի նախկին պետական նախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Արդեն մի քանի օր է, ինչ վայելում եմ անձնական օգտագործման էլեկտրամոբիլ վարելու հաճույքը: Այն անվտանգ է, խնայող ու մատչելի. արտադրված 2013թ.-ին, և արժեքը կազմում է 8-10 հազ. ԱՄՆ դոլար: Եթե պլանավորում եք նոր մեքենա ձեռք բերել խորհուրդ կտայի առաջնահերթությունը տալ այս տարբերակին:

Էլեկտրամոբիլները, միանշանակ, մեքենաշինության ապագան են, այլ հարց է, որ նավթարդյունաբերական խոշոր ընկերությունները (նավթային մաֆիան) դեռևս խոչընդոտում են դրանց մեծաքանակ արտադրությունը: Բայց Արցախում դրանք լայնորեն կիրառելուն, կարծում եմ, ոչինչ չի խանգարում: Այս նպատակով ներկայացնեմ իմ մտահղացումները:

Առաջինը Արցախում էլեկտրամոբիլների մասնավոր տաքսի ծառայություններ բացելն է պետական ֆինանսական աջակցությամբ,

Երկրորդը կրկին պետական աջակցությամբ մատչելի ավտովարկերի տրամադրումն է քաղաքացիներին էլեկտրամոբիլներ ձեռք բերելու համար,

Երրորդը պետական ամբողջ ավտոպարկը փոխարինելն է էլեկտրամոբիլներով,

Չորրորդը համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումն է:

Ու այս ծրագրերը պետք է դառնան այն մեծ քաղաքականության ընդամենը սկիզբը, որը նախատեսում ենք իրականացնել: Եվ նորից հայտարարում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ ամբողջովին հրաժարվելու ենք նավթամթերքից ու գազից:

Հ.Գ.
Խոստացածս երկրորդ էլեկտրամոբիլն արդեն ձեռք եմ բերել, ինչպես ասել էի, մարտական ընկերոջս՝ Արմենի համար: Նա 1992թ.-ին Մարտակերտ քաղաքի մատույցներում մղվող ծանր ու դաժան մարտերում իմ աչքի առջև կորցրեց երկու ոտքը, երբ դեռ 18 տարեկան էր: Տեղաշարժման հետ կապված շատ երկար ժամանակ դժվարություններ է ունեցել: 2004թ.-ին Արմենը ունեցավ առաջին էլեկտրասայլակը (լուսանկարում), իսկ հիմա՝ առաջին էլեկտրամոբիլը:

Ակներև է էլեկտրական մեքենաների կատարելագործման արագ տեմպը: Այս տեմպով էլ ակնկալում եմ ոլորտի զարգացման այն սցենարը, որը պետք է ունենանք մեր հանրապետությունում»: