ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարար Մինասյանը ցավակցություն է հայտնել Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:
Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ արդարադատության ոլորտում Իրանի հետ գործակցությունն առաջնահերթություն է, ինչի մասին է վկայում երկու երկրի միջև հարաբերությունների բարձր մակարդակը: Նախարարը նաև շնորհավորել է Իրանի իր գործընկերոջը՝ վերանշանակման առիթով: Արդարադատության նախարարը վստահություն է հայտնել, որ հոկտեմբերին Թեհրանում կայանալիք երկու երկրի իրավական և դատական համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքներով հնարավոր կլինի էլ ավելի խորացնել արձանագրված հաջողությունները:
Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի առիթով ցավակցությունների համար:
Մեհդի Սոբհանին ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունները դինամիկ զարգացում են գրանցում բոլոր ուղղություններով:
Կողմերը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարությունների միջև առկա ամուր համագործակցությունը, հատկապես, դատապարտյալների փոխանցման ոլորտում։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրի իրավական և դատական համատեղ հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերին:
Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: