Արդարադատության փոխնախարարը մեկնել է Խորվաթիա...

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի ղեկավարած պատվիրակությունը «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին, 2-րդ փուլ-լրացուցիչ աջակցություն» ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով մեկնել է Խորվաթիայի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
Պատվիրակությունն այցելել է Խորվաթիայի Արդարադատության, հանրային կառավարման և թվային փոխակերպման նախարարություն, որտեղ նախարարի տեղակալը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով երկու երկրների շարունակական համագործակցությունն ու իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման հարցում փորձի փոխանակման արդյունավետությունը:
 
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը ներկայացրել են կառույցների հիմնական գործառույթները, ազատազրկված անձանց և պրոբացիայի շահառուների հետ իրականացվող վերականգնողական ծրագրերը և վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումները, կատարված բարեփոխումները և ծրագրվող փոփոխությունները:
 
Հյուրընկալող կողմը ևս ներկայացրել է քրեակատարողական և պրոբացիայի համակարգերի կառուցվածքն ու հիմնական գործառույթները:
 
Պատվիրակությունն այցելել է Ռիեկայի պրոբացիայի կենտրոն և ցածր անվտանգության բանտ, Լեպոգլավայի բարձր անվտանգության բանտ, Զագրեբի Պրոբացիայի կենտրոն, ինչպես նաև Խորվաթիայի արդարադատության նախարարության ուսումնական կենտրոն:
 
Այցելությունների ընթացքում հայկական պատվիրակությանն են ներկայացվել ազատազրկված անձանց պահման պայմանները, բանտերը և դրանց ենթակառուցվածքները, անձնակազմի աշխատանքային պայմանները, իրականացվող վերականգնողական և վերապատրաստման միջոցառումները: 

Կողմերը փոխանակվել են լավագույն փորձով՝ ընգծելով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: