Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպան...

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հայտարարություն է տարածել.

«Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը խոր մտահոգություն է հայտնում 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպումների, ինչպես նաև դրանց արդյունքում ստորագրված կամ նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ։

Մենք հատկապես ափսոսանքով ենք արձանագրում ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու կոչի ստորագրումը, որը միակողմանի և անարդարացի կերպով նպատակ ունի վերացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային ճանաչում ստացած ձևաչափը։ Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ-ին դիմակայել այս քայլին։ Նույնքան մտահոգիչ է Արցախի ժողովրդի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքի շրջանցումը, ինչպես նաև Բաքվում մինչ օրս անօրինական պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման հարցի չարծարծումը։

Հանձնախումբը վերահաստատում է իր վճռականությունը հետապնդելու այս և այլ հիմնարար հարցերը, մասնավորապես՝ վերադարձի իրավունքը, որը ամրագրված է Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշման մեջ, համապատասխան ՄԱԿ-ի կոնվենցիաներում, Եվրոպականխորհրդարանի բանաձևերում և Արցախի վերաբերյալ Շվեյցարական խաղաղության նախաձեռնությունում։

Մենք պնդում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկական խաղաղություն հնարավոր չէ առանց Արցախի ժողովրդի արդար իրավունքների լիարժեք իրագործման։ Ցանկացած համաձայնագիր, որը անտեսում է նրանց իրավունքները, ջնջում է նրանց պատմությունը կամ զոհաբերում է նրանց ապագան, խաղաղության համաձայնագիր չէ, այլ ագրեսիայի արդարացում և ապագա հակամարտության աղբյուր»: