ՌԴ իշխանությունները չպետք է խոչընդոտեն Եվրոպայի հետ Հարավային Կովկասի երկրների մերձեցմանը, որոնց համար պատերազմների և բռնության դարաշրջանը հաղթահարելու պատմական հնարավորություն է ստեղծվել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Յոհան Վադեֆուլը այսօր, պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ մեկնելով Բաքու և Երևան։
«Հարավային Կովկասում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը՝ ի հաշիվ մարդկանց և նրանց ապագայի։ Սակայն Ռուսաստանի հարևանների՝ Եվրոպայի հետ մերձեցման հարցը չպետք է որոշվի Մոսկվայում։ Հենց այդ պատճառով կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ինքնուրույն որոշեն իրենց ապագան։ Եկել է նրանց ձայնին ականջ դնելու և նրանց շահերը հաշվի առնելու ժամանակը»,- նշել է Վադեֆուլը։
Նա մատնանշել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը և Մոսկվայից հնչող ավելի ու ավելի անթաքույց սպառնալիքները։ Նրա գնահատմամբ՝ այս ամենը «հստակ հասկանալ է տալիս, որ նախագահ Պուտինը չի ցանկանում տեսնել ինքնիշխան պետությունների վրա հիմնված եվրոպական կարգ, որի դեպքում յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր ճակատագիրը»։
Հարավային Կովկասին են պատկանում Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։ Վադեֆուլի խոսքով՝ այս տարածաշրջանն այժմ ապրում է բեկումնային պահ և ունի պատերազմների, բռնության ու տեղահանությունների տասնամյակները վերջնականապես հաղթահարելու պատմական հնարավորություն։
«Այն, ինչ երկար ժամանակ գրեթե աներևակայելի էր թվում, տեսանելի ապագայում հասանելի է դարձել։ Հարավային Կովկասում խաղաղության այս հնարավորությունից պետք է օգտվել»,- ասել է նախարարը։
Նա նշել է արիությունն ու պատասխանատվությունը, որոնք դրսևորել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Վադեֆուլը հիշեցրել է, որ 2025 թվականին նրանք նախաստորագրել են երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը։
«Այժմ գլխավորը վստահորեն առաջ շարժվելն է»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ Գերմանիան պատրաստ է այս գործընթացում լինել վստահելի գործընկեր և բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի համար։
Վադեֆուլը խոստացել է Բաքվում և Երևանում քննարկել, թե ինչպես Բեռլինը կարող է աջակցել դեէսկալացիային և խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին։ Հարավային Կովկասում խաղաղությունն ու բաց սահմանները օգուտ կբերեն ոչ միայն նրա բնակիչներին, այլև ամբողջ Եվրոպային, վստահ է ԳԴՀ ԱԳՆ ղեկավարը։



