Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը «Lragir.am» գործակալությանը
Հարց. Վերջերս Բաքվից կրկին սկսել են հայտարարություններ հնչել, որ Ադրբեջանի համբերությունը սահման ունի, և եթե ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը չիրականացվեն, ապա նա «ստիպված կլինի իրացնել ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ նշված բոլոր իրավունքները»։ Բացի այդ, ադրբեջանական իշխանությունները գտնում են, որ «այն խաղաղությունը, որի մասին խոսում է Հայաստանը, և այն խաղաղությունը, որի մասին խոսում է միջազգային իրավունքը, տարբեր են։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Բաքվի նմանատիպ հայտարարությունները։
Պատասխան. Ադրբեջանական կողմի պնդումները, որ իբր կա տարբերություն այն խաղաղության մեջ, որի մասին խոսում է Հայաստանը, և այն խաղաղության մեջ, որի մասին խոսում է միջազգային իրավունքը, Բաքվի կողմից միջազգային իրավունքի նորմերի աղավաղված ընկալման և կամայական մեկնաբանման ակնհայտ հետևանք են։ Ավելին, Ադրբեջանի գերագույն ղեկավարությունը ժխտում է միջազգային իրավունքը, համարելով, որ միջազգային հարաբերություններում գերիշխում է «ճշմարտությունն ուժեղի կողմն է» սկզբունքը։
Ավելին, միջազգային իրավունքը նաև արգելք է դնում ուժի կիրառման վրա, եթե դա արվում է՝ ճնշելու միջազգային իրավունքի հրամայական նորմ հանդիսացող ինքնորոշման իրավունքը։ Ինքնորոշման սկզբունքի դեմ ուժի կիրառման արգելքն ունի միջազգային իրավունքի նորմի սովորական կարգավիճակ և ամրագրված է մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, մասնավորապես, «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում, որոնք վերաբերում են պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության» և ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 3314 «Ագրեսիայի բնորոշում» բանաձևի։
Տեղին է նաև հիշեցնել, որ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, բացի ուժի կիրառման վրա ընդհանուր արգելք դնելուց, ամրագրել է նաև միջազգային վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը, համաձայն որի, «ՄԱԿ-ի անդամներն իրենց միջազգային վեճերը կարգավորում են խաղաղ միջոցներով, որպեսզի վտանգի չենթարկեն միջազգային խաղաղությունը և անվտանգությունը և արդարությունը»։
Ակնհայտ է, որ տարածաշրջանում հաստատուն խաղաղության և կայունության կարելի է հասնել միայն վերացնելով հակամարտության սկզբնապատճառը, ինչը կայանում է նրանում, որ Ադրբեջանը ժխտում է Արցախում ապրող մարդկանց թե՛ անհատական, թե՛ կոլեկտիվ իրավունքները։ Հենց ադրբեջանական իշխանությունների՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի և ահաբեկչության միջոցով ճնշելու փորձն է հանգեցրել նրան, որ քաղաքական խնդիրը վերաճել է զինված առճակատման։ Եվ այսօր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հիմնական խոչընդոտներից մեկը այդ ապակառուցողական քաղաքականությունից հրաժարվելու Բաքվի չկամությունն է։
Եթե Ադրբեջանը փորձի հակամարտությունը լուծել ուժի միջոցով, ինչն ըստ ՄԱԿ-ի ԱԽ վերոհիշյալ 3314 բանաձևի հոդված 1-ի կնշանակի ագրեսիվ պատերազմի սանձազերծում, ապա Արցախի Հանրապետությունը լիակատար իրավունք ունի ձեռնարկել ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները և պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը՝ միջազգային իրավունքի նորմերին և, մասնավորապես, ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան։



