Արբիտրաժային դատարանների վճիռների հիման վրա ի...

Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մշակել և շահագործման է հանձնել արբիտրաժային վճիռներն էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման ներկայացնելու փաստաթղթաշրջանառության հարթակը։

Ինչպես տեղեկացրին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, այն հնարավորություն է տալիս գործող արբիտրաժային դատարանների վճիռներն էլեկտրոնային եղանակով ներկայացնել հարկադիր կատարման։ Արդյունքում կատարողական վարույթ հարուցելու, պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու, արգելանքներ կիրառելու և բռնագանձում տարածելու գործողություններն այսուհետ չեն իրականացվի դատարանների կողմից տրվող կատարողական թերթերի հիման վրա, այլ կիրականացվեն արբիտրաժային դատարանների կողմից էլեկտրոնային տարբերակով ուղարկված վճիռների հիման վրա ինքնաշխատ եղանակով՝ հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթ հարուցելուց հետո: 

Վերոնշյալ վճիռներն այսուհետ չեն մուտքագրվի Ծառայության ընդհանուր բաժին, կվերանա դրանց հաշվառման անհրաժեշտությունը, քանի որ ի սկզբանե դրանք համակարգում հասանելի են դառնում էլեկտրոնային եղանակով։ 

Արդեն իսկ ստացվել են արբիտրաժային դատարանների վճիռները, որոնց հիման վրա հարուցվել են կատարողական վարույթներ։ 

Հարթակի գործարկմամբ բարձրացվել է նաև վճիռների կատարման արդունավետությունը, զգալիորեն կրճատվել է արբիտրաժային դատարանների վճիռների հիման վրա հարուցվող կատարողական վարույթների կատարմանը հատկացվող ժամանակը։ Այս հարթակի գործարկումը միտված է նաև թեթևացնելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական գործեր քննող դատարանների ծանրաբեռվածությունը: