Արայիկ Հարությունյանն ու Աշոտ Ղուլյանը հանդիպ...

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Քաղաքական հնարավոր համագործակցության տեսլականով խորհրդատվությունների շարքն այսօր առաջինը սկսել եմ Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար կազմի հետ հանդիպմամբ: Իմ երախտագիտությունը հայտնելով կուսակցության և գործող Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին քննարկումների հրավերն ընդունելու համար՝ ծավալել ենք բաց և կառուցողական երկխոսություն: Բարձր գնահատելով Արցախի քաղաքական տարեգրության մեջ ԱԺԿ-ի ունեցած դերակատարությունը՝ ներկայացրել եմ այն օրակարգը, որի շուրջ պատրաստ ենք համագործակցության կամուրջներ կառուցել: Մեր զրույցն ընթացել է միայն ծրագրային հիմնադրույթների շուրջ. ինչպիսին են մեր պատկերացումներն Արցախի զարգացման վերաբերյալ:

Ուզում եմ տեղեկացնել, որ կադրային նշանակումներին առնչվող առաջարկներ չենք քննարկել, և մամուլում կամ հանրության մեջ այս առթիվ շրջանառվող խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:

Արցախի ժողովրդավարական կուսակցության հետ քաղաքական քննարկումներն այսքանով չեն ավարտվել, և պայմանավորել ենք հետագայում ևս շարունակել համատեղ խորհրդատվությունները»: