Արայիկ Հարությունյանն արձագանքեց ցուցարարների...

Այսօր Կառավարության դիմաց կրկին իրենց բողոքն էին բարձրաձայնում Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները: Հիշեցնենք՝ 14 տարի առաջ գնել են նրանց բնակարանները, իրենց խոսքով, չնչին գումարներով: Դրանից հետո որոշ ընտանիքների փոխհատուցումներ են տվել: Մնացել են 7 ընտանիք, որ դեռ չեն ստացել փոխհատուցումները:

Արթուր Մելիք-Շահնազարյանը Politik.am-ի հետ զրույցում նշեց, որ 2 շաբաթ առաջ քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն իրենց հետ հանդիպել ու ասել է, որ դիմել է «Երևան» հիմնադրամի ղեկավար Աշոտ Ղազարյանին՝ բնակիչների ցուցակները տրամադրելու համար, սակայն վերջինս ասել է, թե դրանք կարող է տրամադրել միայն դատարանի պահանջով: Հետո էլ ասել են, թե ժամկետները լրանալու պատճառով այդ ցուցակները վերացվել են: Ցուցարարները, սակայն, վստահ են, որ ցուցակները կան, ավելին՝ նշում են, թե քաղաքապետարանի աշխատակից Արամ Կարապետյանի մոտ են, պարզապես պատկան մարմիններին ձեռնտու չէ դրանք «ջրի երես հանել», որովհետև իրենք էլ գիտեն՝ ժամանակին մեծ են եղել սխալները, և փոխհատուցում ստացել են ընտրովի մարդիկ:

Մինչ ցուցարարները մեզ հետ զրույցում ներկայացնում էին իրենց բողոքը, մոտեցավ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ով դեռ Երևանի ավագանու անդամ եղած ժամանակից զբաղվել էր նրանց խնդրով, և խոստացավ երկուշաբթի հանդիպել և քննարկել հնարավոր լուծումները: