
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ բանակցությունների չորրորդ փուլը շատ ավելի լուրջ և անկեղծ էր՝ երկխոսության նախորդ երեք փուլերի համեմատ։ Այս մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։
«Բանակցությունների ընթացքը կարելի է գնահատել որպես հետևողական առաջընթաց», - ընդգծել է Իրանի արտգործնախարարը։
Ըստ Աբբաս Արաղչիի՝ Մասկատում բանակցությունների ընթացքում կողմերը խորը քննարկումներ են անցկացրել տարաձայնության առանցքային հարցերի շուրջ։
«Դրա շնորհիվ մենք կարողացանք հասնել ավելի հստակ փոխըմբռնման, և կողմերի դիրքորոշումները որոշակիորեն մոտեցան»,- նշել է նա։
Նախարարը նաև հայտարարել է, որ կողմերը համատեղ որոշում են կայացրել շարունակել բանակցային գործընթացը։
«Իրանը և մյուս կողմը տրամադրված են շարունակել երկխոսությունը և լի են վճռականությամբ՝ շարժվելու դեպի փոխադարձ ընդունելի համաձայնություն», - հավելել է նա։
Արաղչին պարզաբանել է, որ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման շուրջ պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել, սակայն հանդիպման հստակ օրն ու վայրը կհամաձայնեցվեն՝ հաշվի առնելով կողմերի աշխատանքային գրաֆիկը։ Նա հավելել է, որ կազմակերպչական հարցերը վստահված են Օմանի արտաքին գործերի նախարարին։
ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում, երկրորդը՝ ապրիլի 19-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, որտեղ Իրանը հայտարարել է, որ լուրջ տարաձայնություններ են մնացել։ Ապրիլի 26-ին Մասկատում տեղի էր ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը։