Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողե...

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի (Գագիկ Ծառուկյան) կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում:

Մասնավորապես, ըստ քրեական վարույթում առկա տվյալների, Գ.Ծ.-ի կազմակերպմամբ և ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացի հանդիսացող անձանց հետ ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություններ, որոնց շրջանակում հիմնել են նաև համատեղ իրավաբանական անձինք։ Այնուհետև, Իրան-Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրման կապ ստեղծելու քողի ներքո, գործելով խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ՝ ԻԻՀ-ում ձեռնարկատեր հանդիսացող մի շարք անձանց կողմից ղեկավարվող և այնտեղ գործունեություն ծավալող ընկերություններից ձեռք են բերել և Հայաստանի Հանրապետություն են ներմուծել 52 միավոր տրանսպորտային միջոցներ, տեխնիկաներ, վառելիք և տարբեր տեսակի ապրանքներ, ապա ներկրումները քողարկելով տնտեսական գործունեություն ծավալելու ձևական դրսևորումներով, կեղծել են ներմուծման մաքսային հայտարարագրերը և պաշտոնական այլ փաստաթղթեր, նախապես առաջացած դիտավորությամբ հափշտակել են ընդհանուր 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամ արժողության գույքերը։