Արամ Սարգսյանը մեր մասին ապատեղեկատվություն է...

Երեկ «Առաջին ալիք»-ի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կարծիք էր հայտնել, որ Ամուլսարի շահագործմանը դեմ ակտիվիստները, հնարավոր է, ունեն ռուսական ուղղորդվածություն, քանի որ չեն ցանկանում՝ Հայաստանում ներդրումներ կատարեն արևմտյան կազմակերպություններ:

Բնապահպան Սիլվա Ադամյանի համար այս հայտարարությունը նման է զրպարտության: Վերջինս չի հասկանում՝ ինչպես կարող էր նման կարծիք ձևավորվել:

«2000-ականներից ես ու ինձ նման բազմաթիվ բնապահպաններ պայքարել ենք բոլոր հանքավայրերի դեմ, այդ թվում՝ այնպիսիների, որոնք պատկանել են ռուսական կողմին: Այժմ ուզում եմ դիմել Արամ Սարգսյանին՝ եթե ինքը տեղեկացված չէ բնապահպանական շարժումից, ապա իրավունք չունի ապատեղեկատվության տարածմամբ զբաղվել: Իր ասածը որևէ կապ չունի այն ամենի հետ, ինչն այժմ անում են բնապահպանները: Եթե մարդը չունի որևէ ապացույց և օդի մեջ նման բան է ասում, մենք նույնիսկ կարող ենք դատի տալ նրան»,-Politik.am-ի հետ զրույցում նշում է Ադամյանը:

Վերջինս համաձայնում է՝ բնապահպանների կողմից քաղաքական հայտարարություններ եղել են, բայց դրանք ունեցել են իրենց պատճառները.

«Այն, որ բնապահպաններն անընդհատ ասում են՝ այս ծրագրում ակնհայտ է օտար երկրների ներդրումների և ճնշումների արգասիքը, միանշանակ է, և որևէ մեկը չի կարող ժխտել: Բազմաթիվ օտարերկրյա քաղաքական-հասարակական գործիչներ հայտարարություններ են արել Ամուլսարը շահագործելու կամ չշահագործելու հետ կապված:  Նման հայտարարություններից հետո բնապահպաններն ի՞նչ կարող էին մտածել: Նրանք կարող են և պետք է քաղաքականացնեն հարցը, քանի որ Ամուլսարի հարցն էլ նաև քաղաքական է»:

Ադամյանը չի բացառում, որ գուցե կան գործիչներ, որոնք Ամուլսարի հարցն օգտագործում են՝ ի շահ սեփական քաղաքական նպատակների, բայց իր ցանկությունն այն է, որ այդ հարցին չխառնեն բնապահպաններին: