Առաջիկա օրերին կսկսվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և հարակից տարածքի հիմնանորոգումը։ Ասուլիսում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հայտնել է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման, այնպես էլ վերանորոգման ժամանակ անտեսվել է ջրահեռացման խնդիրը, դրենաժային համակարգ չի անցկացվել: Սրա հետևանքով տասնամյակներ շարունակ անձրևաջրերը ներթափանցել են թեք մույթերի մեջ և քայքայել դրանք՝ առաջացնելով քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ: Միաժամանակ նշվեց, որ ջրահեռացման խնդիրներ կան նաև թանգարան-ինստիտուտի շենքում:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտիը հայտնում են, որ հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները կընթանան երկու հիմնական փուլով. Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և հարակից տարածքի հիմնանորոգումը նախատեսվում է սկսել առաջիկա օրերին և ավարտել մինչև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը:
Հիմնանորոգման նախագծում ներառված է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավումը` ներառյալ ջրամբարի և պոմպակայանի կառուցումը, ինչը կապահովի կաթիլային համակարգի գործարկումը: Երկրորդ փուլով կընթանան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (այդ թվում՝ վարչական մասնաշենքի) հիմնանորոգման աշխատանքները, որոնք կսկսվեն 2025 թ. կեսից:
ԿԳՄՍՆ-ի հայտարարած բաց մրցույթում հաղթող է ճանաչվել միակ մասնակից ԲԻԴԵՔ ՍՊԸ-ն: ՀՑԹԻ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 743 034 625 ՀՀ դրամ։ Շինարարական որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է Սեյսմշին ՍՊԸ-ն, հեղինակային հսկողությունը՝ Հայնախագիծ ԲԲԸ-ն:
Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի ճարտարապետներից մեկն է: