Վատիկանի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերն այցելել է Բաքու՝ մասնակցելու Հովհաննես Պողոս Երկրորդ պապի պատվին կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքի արարողությանը։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։
«Բաքվում Վատիկանի պաշտոնյան հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին։
Արքեպիսկոպոսի հետ հանդիպմանը Փաշազադեն պատմել է «Ադրբեջանի հանդուրժողականության» մասին, թե ինչպես է կառավարությունը «վերականգնել ու պահպանել Բաքվի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցին, ինչպես նաև՝ Ղարաբաղում և Շուշիում հին աղվանական առաքելական եկեղեցիները»։ Փաշազադեն Գալագերին կոչ է արել այցելել Արցախ՝ «ծանոթանալ մշակութային ցեղասպանության ենթարկված տարածքներում կրոնական-հոգևոր ժառանգությունը վերականգնելու աշխատանքներին»։ Ըստ ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունների՝ Գալագերը ևս ընդգծել է «Ադրբեջանի բազմամշակութայնությունն ու հանդուրժողականությունը»։
Հոգևոր, կրթական և մասնագիտական գործունեության բերումով, հավանաբար, Վատիկանի բարձրաստիճան պաշտոնյան ծանոթ է Արցախի կրոնական և մշակութային ժառանգության պատմությանն ու պատկանելությանը և միգուցե տեղյակ է, թե 2020 թվականից հետո ադրբեջանցիներն ինչպիսի «վերաբերմունք» ունեն հայկական մշակութային ժառանգության նկատմամբ։
Արդյո՞ք Վատիկանի ներկայացուցիչները վերջին շրջանում ադրբեջանցի պաշտոնյաների հետ հաճախակիացրած շփումներում արծարծում են այս հարցը, արդյո՞ք կոչ են անում չքանդել, չավերել, չյուրացնել քրիստոնյա հնագույն ազգերից մեկի՝ հայերի թողած հարուստ ժառանգությունը։ Համենայնդեպս՝ պաշտոնական հաղորդագրություններում նման տեղեկություններ չկան։
«Գեղարդ» հիմնադրամը բազմիցս անդրադարձել է այս խնդրին։ Ադրբեջանի ֆինանսական նվիրատվությունները Վատիկանին չպե՛տք է պատճառ դառնան, որ Կաթոլիկ եկեղեցու կենտրոնն աչք փակի ադրբեջանական հանցագործությունների վրա։ Վատիկանը չպե՛տք է նպաստի հայկական ժառանգության ինքնության փոփոխության ադրբեջանական հետևողական քաղաքականությանը։
Կարծում ենք, որ Վատիկանը պետք է դատապարտի Ադրբեջանի՝ հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման ու աղավաղման քաղաքականությունը և մաս չդառնա ադրբեջանական քարոզչական արշավին ու Բաքվի իշխանությունների հանցանքներին»,- ասված է հովդածում։