2021 թվականին ընդունված ինքնակամ կառույցների կառուցապատման օրինականացման գործառույթները կանոնակարգող օրենսդրական փաթեթով սահմանվել էր արգելք, որով օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված որևէ ինքնակամ շինություն այլևս օրինականացման ենթակա չէր: Կառավարությունը զուգահեռ հաստատել էր ինքնակամ կառույցների հաշվառման կարգը՝ յուրաքանչյուր բնակավայրի համար սահմանելով ժամկետ: Երևանի համար ժամկետ սահմանվել էր մինչև 2022 թվականի ավարտը, քաղաքային բնակավայրերի, խոշորացված համայնքների համար՝ մինչև 2023 թվականի ավարտը, իսկ գյուղական բնակավայրերի համար՝ մինչև 2024 թվականի ավարտը: Կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարան էր ներմուծվել մոտավորապես 70000 ինքնակամ շինություն:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում դեկտեմբերի 15-ին քննարկվել է ««ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:
2021 թվականին իրականացվել է նաև Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի օդային լուսանկարահանում: Այս լուսանկարներն ինտեգրվել են կադաստրային քարտեզին: Այդ ամենը տեղադրված է Ազգային գեոպորտալում:
Սուրեն Թովմասյանի խոսքով՝ բնակչության մի հատված տարբեր պատճառներով չէր հասցրել հաշվառել իր ինքնակամ կառույցը, ինչի առթիվ ստացվել են բազմաթիվ դիմում-բողոքներ, որոնցով պայմանավորված էլ առաջարկվում է օրենսդրական նոր կարգավորում:
Առաջարկվում է ինքնակամ շինությունը կապակցել օդային լուսանկարին (օրթոֆոտոլուսանկար), որն արձանագրում է 2021 թվականի իրավիճակը: «Նկարին նայելով՝ փաստացի տեսնում ենք այդտեղ կա՞ շինություն, թե՝ ոչ»,- նշել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը: Օդային լուսանկարի վրա կառուցման տարեթիվը հաստատող ինքնակամ շինությունների կառուցապատողները մեկ տարվա ընթացքում կրկին հաշվառման դիմելու հնարավորություն կունենան:
Բազմաբնակարան շենքերի ներսում գտնվող ինքնակամ հատվածների պարագայում (դրանք օդային լուսանկարում հնարավոր չի լինի նշմարել) վարչարարության համար համապատասխան հաշվառում ներկայացնող չափագրողներից լրացուցիչ տվյալներ կպահանջվեն: «Մենք նախատեսում ենք, որ մոտ 70.000 միավորի կարգի հաշվառում կլինի ինքնակամ շինությունների»,- ընդգծել է Սուրեն Թովմասյանն ու կոչ արել քաղաքացիներին օրենքն ընդունվելուց հետո հաշվառման համար անմիջապես դիմել որակավորված մասնագետներին և չսպասել վերջնաժամկետի ավարտին:
Հարակից զեկույցում Ալխաս Ղազարյանը կարևորել է օրենսդրական առաջարկի ընդունումը:
Հարցուպատասխանի ու ելույթների ձևաչափում անդրադարձ է եղել որակավորված չափագրողների թվին, քաղաքացիների համար կադաստրային քարտեզի պատճառով առաջացած խնդիրներին, ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացին: Կարևորվել է քաղաքացիների իրազեկումն օրենսդրական փոփոխության ու գործընթացի վերաբերյալ:



