Առաջարկ, որը կարող էր անել Դալարիկցի Ժուժուն,...

Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն վախեցած են Ռուսաստանի Դաշնության կողմից հնարավոր կիրառվող տնտեսական սանկցիաներից ու թեև հիմա Վերին Լարսի անցակետը փակված է եղանակային պատճառներով, իշխանությունները քաղաքացիներին նախապատրաստում են հնարավոր քաղաքական դրդապատճառներով փակմանը։ 

Լարսի փակման պատճառով հայկական արտադրության արտահանման խնդիրների մասին գրառում է արել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը․ «Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը՝ Հայաստանում և Սփյուռքում գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ: Բիզնեսին և հարկ վճարողին նման կերպ աջակցելն Անկախությունն ու Սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է:

Որևէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին: Ամանորի և Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք»,-գրել է նա։
Նման մտքի գոհարներ կարող էր շաղ տալ հայտնի Դալարիկցի Ժուժուն, բայց ոչ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմի ղեկավարը։ Լարսի անցակետով հայկական արտադրանքը հասնում է 160 միլիոնանոց շուկա ու անգամ գերմարդկային ջանքերի դեպքում չի կարող Հայաստանի 3 մլն բնակչությունը ու սփյուռքում ապրող 7 մլն հայը սպառել 160 միլիոն բնակչության չափ։ Սա ակնհայտ պոպուլիստական և տնտեսագիտության տեսանկյունից անգրագետ առաջարկ է, որն արել է Արայիկ Հարությունյանը։ 
Ակնհայտ է, որ իշխանությունները սրանով մեսիջ են ուղարկում հանրությանը, որ մենք ձեր խնդիրները չենք պատարստվում լուծել։ Փորձեք տեղում վաճառել այն ինչ արտադրել եք կամ մի արտադրեք։