Նոյեմբերի 5-ին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ն Անթիլիասի իր գրասենյակում հանդիպումներ է ունեցել Վատիկանի ներկայացուցիչ Ֆլավիո Պաչեի արքեպիսկոպոսի, Լյութերական եկեղեցիների խորհրդի ներկայացուցիչ Տիրկ Լեյնջի և Հին կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Քրիստոֆ Շուլերի հետ։ Այս մասին հայտնում է Կիլիկիա TV-ն։
Վատիկանի ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Վատիկանի և Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության համագործակցության զարգացման հարցերը, ինչպես նաև Անտիոքի Ասորի պատրիարքության և Հնդկաստանի Ասորի եկեղեցու միջև առկա տարաձայնություններն ու դրանց հնարավոր ազդեցությունը Արևելյան ուղղափառ եկեղեցիների և Կաթոլիկ եկեղեցու միջև ընթացող աստվածաբանական երկխոսության վրա։
Լյութերական եկեղեցիների խորհրդի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տիրկ Լեյնջի հետ հանդիպմանը քննարկվել են միջեկեղեցական շարժման զարգացումները և լյութերական եկեղեցիների ներդրումն այդ գործընթացում։
Լեյնջն առաջարկել է աստվածաբանական և բարոյագիտական հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպել Լյութերական եկեղեցիների խորհրդի և Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության միջև։ Նա նաև հետաքրքրվել է լյութերական և Արևելյան ուղղափառ եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության նախաձեռնության վերաբերյալ Արամ Ա կաթողիկոսի տեսակետով։
Հին կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Քրիստոֆ Շուլերն իր հերթին առաջարկել է վերսկսել Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության հետ տարիներ առաջ սկսված՝ բարոյագիտական հարցերին նվիրված քննարկումները։
Նշենք, որ հիշյալ ներկայացուցիչները մասնակցում են Անթիլիասի Մայրավանքում անցկացվող միջեկեղեցական միջազգային համաժողովին։



