Իրանն այլևս չի բավարարվի ԱՄՆ-ի թղթային պարտավորություններով, այլ մտադիր է գործնական քայլեր տեսնել Վաշինգտոնի կողմից։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը դիվանագիտության նոր ոլորտ մտնելուց առաջ իրավունք ունի չբավարարվել ամերիկացիների թղթային պարտավորություններով», - նրա խոսքերն է մեջբերել իրանական պետական ռադիոհեռուստաընկերությունը։
Բաղերիի խոսքով՝ ԱՄՆ-ը վերջին 1,5 տարվա ընթացքում պարտավորությունների խախտմամբ տապալել է բանակցությունների բոլոր չորս փուլերը։ Իրանը, նշել է նա, պետք է սեփական աչքերով տեսնի Վաշինգտոնի գործնական քայլերը, և երբ դրանք նկատվեն, հնարավորություն կառաջանա հարաբերություններում նոր էջ բացելու համար։



