Արագածոտնի մարզում անցկացվել է ցուցադրական հա...

Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մշակույթի տանն անցկացվեց «Փրկարարական և որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումն ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Ուսումնավարժության առանցքային նպատակն էր՝

• ստուգել և կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում,

• ստուգել ուժերի և միջոցների տակտիկատեխնիկական հնարավորությունները,

• ամրապնդել արձագանքող ուժերի միջև փոխհամագործակցության կազմակերպումն ու գործողությունների ներդաշնակումը։

Ուսումնավարժությանը մասնակցում էին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության, Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի,

Ապարանի ոստիկանության բաժնի ծառայողները, «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապ բուժօգնության ծառայության, «ՀԷՑ» ՓԲԸ

Մուսալեռ մասնաճյուղի Ապարանի շրջանային էլցանցի, «Գազպրոմ Արմենիա» Արագածոտնի ԳԳՄ Ապարանի տարածքային տեղամասի խմբերը և Ապարանի համայնքապետարանի ներկայացուցիչները։

Ըստ ուսումնավարժության սցենարի՝ Ապարան քաղաքից 2 կմ հարավ-արևելք տեղի էր ունեցել 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ, ինչի հետևանքով մասնակի փլուզվել էր Ապարանի մշակույթի տան վարչական շենքը: Հիմքային մասի թուլացման պատճառով տեղի էր ունեցել հիմնական ամրաններից կառուցատարրերի անջատում, երկրորդ և երրորդ հարկերը միացնող աստիճանավանդակները մասնակի փլուզվել էին, կային տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած պայմանական տուժածներ։ Բեմային հատվածում հրդեհ էր բռնկվել, առկա էր նաև գազի արտահոսք:

Մասնակիցներին առաջադրվեց խնդրադրում՝ ուսումնավարժության ողջ ընթացքում խաղարկվեցին իրավիճակների զարգացման պլանով նախատեսված միջանկյալներ: Կազմակերպվեց համապատասխան արձագանքում, իրականացվեցին հրդեհաշիջման, որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներ:

Ուսումնավարժության ավարտին իրականացվեց արդյունքների վերլուծություն, ամփոփվեցին մասնակիցների կատարած աշխատանքները, վեր հանվեցին առկա խնդիրները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ վերջիններիս շտկման և վերացման ուղղությամբ: