Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղարը ժամանել են Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ քննարկելու Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրադրությունը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հանդիպմանը, մեկնաբանելով իրավիճակը պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը դեմ է ահաբեկչությանը ցանկացած ձևով, և նշել, որ դրա դեմ պետք է պայքարել՝ չխախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։
Սերգեյ Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կոչ է անում անհապաղ սկսել պաղեստինյան պետության ստեղծման շուրջ բանակցային գործընթացի վերսկսման նախապատրաստական աշխատանքները։
Հանդիպմանը Լավրովը հատկապես ընդգծել է, որ Գազայի հատվածում հումանիտար հետևանքներն աղետալի են, իսկ այնտեղ մտնող մարդասիրական օգնության ծավալն անբավարար է:



