Ադրբեջանի ու Թուրքիայի Զինված ուժերը հունիսի 7–ից 11–ը համատեղ մարտավարական զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում` Հայաստանի հետ սահմանին՝ «Անխախտ եղբայրություն– 2019» մարտավարական զորավարժություններ անվանմամբ: Զորքն ու հրետանին, արդեն մի քանի օր է, տեղում են: Politik.am-ը զորավարժությունների հնարավոր նպատակաների ու վտանգների մասին զրուցել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ։
Վերջինիս խոսքով՝ ցանկացած պետության համար իր սահմանի մոտակայքում երկրի զինված ուժերի կուտակումը, ինչ նպատակով էլ դա լինի, իրենից վտանգ է ներկայացնում.«Դրա համար էլ համապատասխան կարգ կա՝ նախապես զգուշացում, թվի սահմանափակում և այլն: Բնական է, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի մայրաքաղաքից ընդամենը 50-60 կմ-ի վրա նման զորավարժությունների իրականացումը խիստ վտանգ է ներկայացնում: Հաշվի առնելով հատկապես՝ որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ուղղակի սպառնացել են պատերազմով: Սա, ըստ էության, իրենց հին՝ պանթյուրքիստական քաղաքականության շարունակությունն է, նոր բան չէ: Այսինքն՝ երբ Նախիջևանում Ադրբեջանը առանձին բանակ ստեղծեց կորպուսի հիման վրա (մի զորամիովորում, որը կկարողանար ինքնուրույնաբար առանձին խնդիրներ լուծել, և կապված չլիներ ադրբեջանական բուն բանակի հետ), պատճառն, իմ կարծիքով, այն էր, որ հասկացել էին՝ զուտ աշխարհագրորեն բավարար ուժ չունեն, և սկսում են համագործակցել և կոորդինացիա մշակել Թուրքիայի հետ: Սա վտանգավոր է, որովհետև, իմ կարծիքով, ցույց է տալիս, որ հնարավոր պատերազմի ժամանակ, շատ հավանական է, որ կունենանք նաև նախիջևանյան ռազմաճակատ: Նման ենթադրություն անելու համար հիմք է տալիս, նաև այն, որ Ադրբեջանը Նախիջևանի սահմանին իր դիրքերն առաջ էր տվել (անկախ նրանից՝ իր տարածքում էր, թե ոչ, որովհետև հայկական կողմն ասում էր՝ իր տարածքում է առաջ տվել): Սահմանն առաջ տալը բերել էր նրան, որ Երասխ-Վայք ճանապարհի գոնե մի հատվածը գտնվում է ուղղակի հրետակոծության տակ: Եթե տեղի ունենա Արցախյան պատերազմ, իրենք կփորձեն և՛ Նախիջևանի, և՛ Տավուշի կողմից երկու ենթառազմաճակատներ ստեղծել, որպեսզի հայկական կողմին թույլ չտան կենտրոնանալ Արցախի հատվածում, քանի որ մայրաքաղաքը պաշտպանելու վտանգը կլինի»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Ռուսատանին ուժ ցույց տալու մասին կարծիքներին, Պապյանն ասաց.«Ես չեմ կարծում, թե Թուրքիան նման խնդիր ունի: Այդ երկու պետություններն իրար հետ շատ լավ հարաբերություններ ունեն, և, ընդհակառակը, իմ կարծիքով՝ Թուրքիան մինչև իր ծանր տեխնիկան Արաքսի այս ափն անցկացնելը՝ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի հետ: Առանց Ռուսաստանի համաձայնեցման՝ Թուրքիան չէր կարող Նախիջևան այդքան զորք մտցնել: Ի վերջո, ես, ճիշտ է, չեմ ընդունում Մոսկվայի և Կարսի պայմանագրերը՝ դրանք համարելով անօրինական, բայց Թուրքիան ու Ռուսաստանը ընդունում են, հետևաբար իրենք են միմյանց հետ պայմանավորվել Մոսկվայի պայմանագրով Նախիջևանի պրոտեկտորատի վերաբերյալ»:
Հարցին, թե ինչու՞ է Ռուսաստանը տվել այդ համաձայնությունը, Պապյանը պատասխանեց.«Կարծում եմ՝ պարզ է՝ որպեսզի հայերի «աչքը» վախեցնեն՝ «Հայեր ջան, դուք մեզ չեք սիրում, չեք ընդունում, ուրեմն տեսեք՝ ինչ վտանգ ունեք: Ընտրեք թուրքական յաթաղանի և ռուսական «սապոգի» միջև»: Սա դարավոր քաղաքականության հերթական դրսևորումն է»:
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավարը, անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ են տեսակետները, որ այժմ ավելի է ակտիվացել նախիջևանյան սահմանում ադրբեջանական ռազմատեխնիկայի տեղակայումը, ասաց.«Ադրբեջանը շատ ավելի մեծաքանակ զինատեսակ է ունեցել, քան նախատեսվում է: Զենքի լուրջ գնումներ սկսել է կատարել 2000-ականներից, քանի որ այդ ժամանակ է ունեցել գումարային լուրջ միջոցներ: Ակտիվության մյուս պատճառն այն է, որ 2016թ.-ից հետո Ադրբեջանը հասկացավ, որ մի ռազմաճակատով չի կարող խնդիրը լուծել: Արցախյան սահմանը պաշտպանության համար ամրացված գոտի է՝ մի քանի էշելոններով, որովհետև մենք ենթադրում ենք, որ պատերազմ այնտեղ պետք է լինի, բայց Նախիջևանի ճակատում նման բաներ չկան: Մեր ենթադրությունն այն է, որ Ադրբեջանը բուն Հայաստանի դեմ պատերազմ չի սկսի, բայց սա միայն ենթադրություն է: Մեր դիրքերը Տավուշի ու Նախիջևանի հատվածներում ավելի թույլ են, չունենք արցախյան սահմանի նման խրամատներ ու նաև տարածություն: Իսկ հիշենք՝ մենք ընդամենը երկու ճանապարհ ունենք դեպի Արցախ՝ մեկը՝ Երասխից Վայոց ձորով, Գորիսով՝ Ստեփանակերտ, մյուսը՝ հյուսիսով: Եթե իրենք այստեղ գնդակոծեն, կմնա միայն հյուսիսային ճանապարհը: Պետք է հասկանալ, որ խնդիրն ունի ռազմական, տեխնիկական պատճառներ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ, անընդհատ խոսելով հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին, ստեղծում է մի իրավիճակ, որ այլևս հետքայլի տեղ իրեն չի թողնում, պետք է անի»,-ամփոփեց Արա Պապյանը:
Մարիամ Սարգսյան



