Նորմալ եմ վերաբերվում, եթե քրեական վարույթ հարուցելու հիմքեր եղել են, բայց որևէ կերպ չեմ կարող գնահատական տալ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը` անդրադառնալով դատախազության կողմից իր հայտարարությունների հիման վրա վարույթ հարուցելուն:
Նա նշեց, որ իրեն հարցաքննության չեն կանչել:
«Ինչ ասել եմ, փաստերով հիմնավորվող բաներ են, սակայն գոյություն ունի նախաքննական մարմնի վարույթում առկա գործ ու առկա քրեական վարույթի պարագայում կոռեկտ չեմ համարում այլ հարցերի անդրադառնալ: Ինչ տեղի է ունեցել խորհրդարանի դահլիճում, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, հետևաբար դրանց կրկին անդրադառնալու իմաստ չեմ տեսնում: Ուզում եմ ափսոսանք հայտնել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, հատկապես, որ այն ինձ է վերաբերում: Եթե հանրությունը խնդիր է տեսնում, պատրաստ եմ ներողություն խնդրել»,- ասաց Քյարամյանը:
Լրագրողի հարցին, որ քաղաքացի Տիգրան Առաքելյանն ահազանգել է Քյարամյանի աշխատասենյակում մարդկանց բռնության ենթարկելու, հոսանքահարելու դեպքերի մասին, ՔԿ նախագահը ասաց. «Այս հարցը բավական երկար ժամանակ քննարկվում է, ու միայն այդ անձը չէ: ՔԿ-ում նույն վարույթով ևս մի քանի անձինք հաղորդում են տվել դրա վերաբերյալ, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է քրեական վարույթ, որը կարճվել է: Ես վարույթի նյութերին չեմ ծանոթացել, չի հետաքրքրել, նույնիսկ հարցաքննության չեմ մասնակցել, հրաժարվել եմ»:
Իր ստացած մեդալների վերաբերյալ լրագրողի հարցին Քյարամյանը պատասխանեց. «Ես հաշվառում չեմ անում, թե որ թվականին ումից, ինչ մեդալ ստացա, այդ հարցին անդրադառնալը ճիշտ չէ: Ես երբեք չեմ կարևորել ինձ տրված մեդալները, մարդիկ նպատակահարմար են գտել, տվել են, լուրջ խոսակցություն չէ»: