
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության անձնակազմի հետ։
ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը նախարարին է ներկայացրել հանրապետությունում տիրող իրավիճակը՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված:
Ըստ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ այս տարվա յոթ ամսում հանրապետությունում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված 2161 հանցագործություն, որոնց 59,3 տոկոսը Քրեական ոստիկանությանը վերաբերող դեպքեր են։
2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում, ըստ փորձաքննությունների, ապօրինի շրջանառությունից առգրավվել է նախորդ տարվա 150 կգ-ի համեմատ կրկնակի ավելի՝ 301 կգ թմրամիջոց։ Ոստիկանության գնդապետը մանրակրկիտ ներկայացրել է նաև Քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումների կատարած աշխատանքը։
ՆԳ նախարարը հանձնարարել է շարունակել մարզային ստորաբաժանումների՝ թմրամիջոցներով զբաղվող մասնագիտացված բաժինների աշխատանքի մոնիթորինգը՝ գնահատելու դրանց արդյունավետությունը, ինչպես նաև կենտրոնական ապարատի հետ համագործակցությունը։ Նախարարը հանձնարարել է նաև շարունակել վերլուծությունը, հստակեցնել թմրաշրջանառության հավանական տարածքները և համակարգել այդ ուղղությամբ պարեկային ծառայության ու համայնքային ոստիկանության աշխատանքը։
Արփինե Սարգսյանը կարևորել է նաև Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքը։
Շեշտելով կարողությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ քննարկվել են նաև ծրագրային նոր ապահովումների ձեռքբերման վերաբերյալ հարցեր։