ԱՊՀ ստեղծելու մասին համաձայնագիրը չի կարող հի...

2022թ. սեպտեմբերի 30-ին հարցազրույց տալով հանրային հեռուստաընկերությանը՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է հետևյալը. «…մենք ի՞նչ ենք ասում՝ եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991թ. դեկտեմբերի 18-ին Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) ստեղծելու համաձայնագրի վրա, մենք պատրաստ ենք այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման»:
Այս առնչությամբ հարկ է նշել հետևյալը.
նախ գրեթե ցանկացած միջազգային միություն հիմնելիս կամ այդ միությանն անդամակցելիս հիմնադիր կամ անդամակցության փաստաթղթերում արձանագրվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, օրինակ՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, ԵԽ, ԱՊՀ և այլն: Սա չի կարող փաստարկ հանդիսանալ առ այն, որ տվյալ միությունների անդամ երկու առանձին պետություններ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա ստորագրված և երկու երկրների խորհրդարանների կողմից վավերցված փաստաթուղթ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին:
Երկրորդ՝ եթե 1991թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված ԱՊՀ համաձայնագրով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը Հայաստանին ներկայացրած հինգ առաջարկների թվում հենց առաջին կետով ներկայացրել առաջարկ փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին:
Երրորդ՝ իրավական առումով չի կարելի հիմք ընդունել ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը: Համաձայնագրի 5-րդ հոդվածում, մասնավորապես, ամրագրված է հետևյալը. «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում եւ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ համագործակցության շրջանակներում գոյություն ունեցող uահմանների անձեռնմխելիությունը:»: Մեջբերումից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը: Սակայն, սույն ձևակերպումը չի կարող վերաբերել Ադրբեջանին: Ինչո՞ւ:
Բանն այն է, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին ընդունել է նաև «Ադրբեջանի պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը: Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:
Այս դեպքում հարց է առաջանում. ունեցե՞լ է արդյոք Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ, թե՞ ոչ: Հարցին պատասխանելու համար դիմենք թեմային վերաբերող իրավական բնույթ ունեցող փաստաթղթերին:
Փարիզի խաղաղության վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության նախագահ Ալիմարդան բեկ Թոփչիբաշևը 1920թ. նոյեմբերի 1-ին պաշտոնապես գրավոր դիմել է Ազգերի լիգայի Գլխավոր քարտուղար Էրիկ Դրումոնդին՝ խնդրելով Ադրբեջանին ընդունել Ազգերի լիգայի անդամ: Ուսումնասիրելով դիմումը՝ Ազգերի լիգայի Գլխավոր քարտուղարը 1920թ. նոյեմբերի 24-ին հրապարակել է հուշագիր, որտեղ, մասնավորապես, արձանագրել է հետևյալը. «Հարկ է նշել, որ այս տարածքը (Ադրբեջանը – Ս. Հ.-Ջ.), զբաղեցնելով 40.000 քառակուսի մղոն մակերեսով տարածք, նախկինում երբեք պետություն չի եղել, այլ միշտ ընդգրկված է եղել ավելի մեծ տերությունների կազմի մեջ, ինչպիսիք են Մոնղոլիան, կամ Պարսկաստանը, իսկ սկսած 1813 թվականից՝ Ռուսաստանի կայսրությունը: «Ադրբեջան» անվանումն էլ, որն ընտրվել է նոր հանրապետության համար, հարևան պարսկական նահանգի անվանում է»:
Ազգերի լիգայի 4-րդ կոմիտեն, 1920թ. դեկտեմբերի 1-ին քննարկելով Ազգերի լիգային անդամակցելու մասին Ադրբեջանի դիմումը, տվել է բացասական կարծիք՝ մասնավորապես արձանագրելով հետևյալը. «Կոմիտեն միաձայն հաստատել է հետևյալը. «Կոմիտեն, Ազգերի լիգային անդամակցելու Ադրբեջանի դիմումի վերաբերյալ ենթակոմիտեի զեկույցը քննարկելուց հետո, բացասական կարծիք է տալիս Ադրբեջանի անդամակցության հետ կապված և հարցը վերադարձնում է Ասամբլեային»»:
Ազգերի լիգայի 5-րդ կոմիտեն, 1920թ. դեկտեմբերի 1-ին քննարկելով Ազգերի լիգային անդամակցելու մասին Ադրբեջանի դիմումը, նույնպես տվել է բացասական կարծիք՝ մասնավորապես արձանագրելով հետևյալը. «Կոմիտեն որոշեց, …դժվար էր պարզել այն տարածքի ճշգրիտ սահմանները, որտեղ Ադրբեջանի կառավարությունն իրականացրել է իր իշխանությունը: Հարևան երկրների հետ ունեցած սահմանային վեճերը թույլ չտվեցին ճշգրիտ որոշելու Ադրբեջանի սահմանները: Կոմիտեն որոշեց, որ Պայմանագրի պայմանները թույլ չտվեցին Ադրբեջանին անդամակցելու Լիգային ներկա հանգամանքներում»:
Հիմք ընդունելով Ազգերի լիգային անդամակցելու վերաբերյալ Ադրբեջանի դիմումի՝ Ազգերի լիգայի կողմից տրված բացասական պատասխանը՝ կարող ենք պնդել, որ 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չի եղել, այսինքն՝ չի ունեցել հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որի իրավահաջորդն այսօր հանդիսանում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը:
Այսպիսով, հիմնվելով կատարված համառոտ վերլուծության վրա՝ կարող ենք պնդել հետևյալը.
ԱՊՀ համաձայնագրում արձանագրված անդամ պետությունների միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը ճանաչելու և հարգելու մասին դրույթը չի կարող իրավական առումով ելակետ հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման աշխատանքներ սկսելու համար, քանի որ այն վերաբերում է նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների տարածքային ամբողջականությանն ու սահմանների անձեռմխելիությանը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցած սահմանները չեն կարող իրավական առումով հիմք հանդիսանալ ներկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման աշխատանքներ սկսելու համար, քանի որ ներկայիս Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարել է 1918-1920թթ. գոյություն ունեցած, միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը:
Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը չի ունեցել հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա ստորագրված և երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացված փաստաթուղթ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ