Մամուլը հաճախ է գրում պետական հիմնարկների ապահովագրական ծառայության մրցույթներում հաղթող ընկերությունների մասին։ Հաճախ հիշատակվում է պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ընկերության անունը, բայց հետաքրքիր է, որ իրականում այս ոլորտում պետական մրցույթների գրեթե կեսը հաղթում է ՀՀԿ-ական կառավարությունում առողջապահության նախարարի պաշտոն զբաղեցրած Լևոն Ալթունյանին պատկանող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը։
Տարբեր հաշվարկներով Ալթունյանին պատկանող ընկերությունը շահում է ապահովագրական մրցությների 40 տոկոսը։ Ի դեպ հետաքրքիր է, որ ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը հաճախ էր անդրադառնում Լևոն Ալթունյանին պատկանող այս ընկերության գործունեությանը։ Փաշինյանին պատկանող օրաթերթը 2017-ին իր հոդվածներում համոզմունք էր հայտնում անգամ, որ Առողջապահության նախարար Ալթունյանը առողջապահական ապահովագրության հարցը օրենսդրական դաշտում առաջ է տանում, որպեսզի իր բիզնեսն օգտվի դրանից։



