«Օրինագծի երկրորդ՝ բարձրագույն կրթություն չունենալու հատվածն իրենով այդքան էլ վատը չէ, իսկ առաջին հատվածի գոյությունը, որպես այդպիսին, զարմանալի է, որովհետև այդտեղ ստացվում է հայտնի պատմությունը՝ «ապացուցիր, որ դու ընձուղտ չես»: Պետք է հասկանալ՝ հոգեկան առողջության խնդիրները որոնք են, որն է հոգեկան անհավասարակշռությունը»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության նախկին անդամ Լուսինե Հարոյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը»-ի պատգամավոր Քրիստինե Պողոսյանի կողմից ներկայացվելիք օրենսդրական նախաձեռնությանը, որի նպատակն է արգելել, որ բարձրագույն կրթություն չունեցող և հոգեկան խնդիրներ ունեցող անձինք դառնան պատգամավոր։
Հարոյանը այս օրենսդրական նախաձեռնությունը ներկա պահին առաջնային չի համարում՝ հիմնավորմամբ, որ այժմ շատ ավելի կարևոր խնդիրներ կան ԱԺ-ում քննարկելու:
«Ինձ մոտ շարունակաբար այնպիսի տպավորություն է, որ «Իմ քայլը»-ի պատգամավորները զբաղված են «թիթեռ նկարելով»»,-նշեց Լուսինե Հարոյանը: Վերջինս հիշեցրեց՝ ամիսներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ներկայացնում էր իր ծրագիրը, Քրիստինե Պողոսյանն ասել էր.«Պարոն Փաշինյան, եթե Դուք նույնիսկ ներկայացնեիք ծրագիր, որի մեջ կլիներ միայն մեկ նախադասություն՝ ամեն ինչ լավ է լինելու, ես կողմ էի քվեարկելու»:
«Դա ինձ համար, մեղմ ասած, սարսափելի տարօրինակ է. ինչպե՞ս կարող է պատգամավորը նման բան ասել: Սա դասական քծնանքի օրինակ էր: Պատգամավորը ԱԺ-ում հայտնվում է նրա համար, որպեսզի պաշտպանի նախևառաջ ժողովրդի և երկրի շահերը, ոչ թե ինչ-որ մեկի՝ անգամ եթե նա երկրի ղեկավարն է, բերած ցանկացած օրինագծին կողմ քվեարկի, ինչպես ինքն էր արտահայտվել»,-ասաց Հարոյանը:
Ըստ Հարոյանի՝ այստեղ վրդովեցնողը ոչ թե օրինագիծն է ինքն իրենով, այլ երկակի ստանդարտների կիրառումը. ինչու է միայն վերաբերվում օրենսդիր մարմնին.«Երկրի ղեկավարը, ինչքան էլ նա կառավարության ղեկավարն է, միևնույն է, գործ ունի նաև օրենքների հետ: Եթե ծրագիրը ներկայացվեր այն պայմաններում, երբ երկրի առաջ ծառացած շատ լուրջ խնդիրները լուծված կլինեին, այդ նախագիծը միայն ողջունելի կլիներ»:
Հարցին, թե իր կարծիքով՝ նախագիծը կընդունվի՞, Հարոյանը պատասխանեց.«Ես չեմ կասկածում, որ նախագիծը կընդունվի: Ցավոք, մենք հիմա ականատես ենք լինում նույն տրադիցիաների շարունակությանը, ինչ նախկինում կային. երբ օրենսդրական նախաձեռնություններ, օրինագծեր են ներկայացվում, սպասում են «վերևից» ցուցումի, և ըստ դրա էլ ընդունվում կամ մերժվում են: Վերջերս մենք դրան ականատես եղանք, երբ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվեց Վահե Գրիգորյանը: Ես իրավաբան չեմ, և վերջինիս մասնագիտական կարողությունների մասին չեմ կարող դատել, բայց այստեղ նորից կիրառվեցին հին մեթոդները: Ակնառու է, որ ՍԴ դատավորի 5 թեկնածուներին ԱԺ-ն մերժեց, որպեսզի հենց Վահե Գրիգորյանն առաջադրվի: Ելնելով նրանից, որ նա քաղաքական կոնկրետ ուժի շահերն է լոբբինգ անում, առավել անընդունելի է, մենք դրա համար էինք պայքարում, որպեսզի այսուհետ դատարանները և իշխանության մյուս ճյուղերը անկախ լինեն, մեկը մյուսի վրա կարողանա վերահսկողություն իրականացնել, բայց հիմա մենք տեսնում ենք, որ արդեն իսկ երկու ճյուղերը՝ գործադիր և օրենսդիր, լիովին մեկ անձի ենթակայության տակ են, և սա փաստում է, որ երրորդ ճյուղը ևս կանցնի մեկ անձի ենթակայության տակ. կասկած չունեմ, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը կհաստատվի: «Իմ քայլը»-ում չկան մարդիկ, որոնք ունենան իրենց սեփական կարծիքը, և հասկանան, որ պարտադիր չէ քվեարկել նախաձեռնության օգտին միայն նրա համար, որ իր ուժի կողմից է ներկայացվել: Մենք տեսնում ենք կատարյալ միատարրություն, իսկ դա երբեք ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,-ամփոփեց Լուսինե Հարոյանը:



