AntiFake.am լրատվական կայքի խմբագրությունն ավ...

AntiFake.am լրատվական կայքի խմբագրությունն ավելի քան 40 պաշտոնական նամակներ է ուղարկել միջազգային իրավապաշտպան, լրագրողական և քաղաքական կառույցներին՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանավորման, AntiFake.am-ի դեմ իրականացվող ոտնձգությունների կապակցությամբ։ Նամակներն ուղղվել են մասնավորապես միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, միջազգային և եվրոպական լրագրողական կառույցներին, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին, Եվրոպայի խորհրդի և ԵՄ համապատասխան մարմիններին, ԱՄՆ պետական և կոնգրեսական կառույցներին, ինչպես նաև առաջատար միջազգային լրատվամիջոցների խմբագրություններին։ Այս մասին հայտնում է AntiFake.am-ի խմբագրությունը:

«AntiFake.am-ի կողմից ուղարկված պաշտոնական նամակներում մանրամասն ներկայացվել են Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի քաղաքական դրդապատճառներով իրականացված երկրորդ կալանավորումը՝ նույն քրեական հոդվածով, որով նրանք արդեն իսկ անմեղ են ճանաչվել առաջին ատյանի դատարանի կողմից, AntiFake.am լրատվականում իրականացված խուզարկությունները և տեխնիկայի ամբողջական առգրավումը, որը փաստացի կաթվածահար է արել լրատվամիջոցի աշխատանքը, խմբագրության լրագրողի և օպերատորի անհիմն ձերբակալությունները, այն հանգամանքը, որ քրեական գործի հիմքում ընկած է ՀՀ ԱԺ խոսնակի ներկայացրած բողոքը, որը վերաբերում է քաղաքական խոսքի և քննադատության դաշտում հնչեցված արտահայտության՝ «հետույք» բառի օգտագործմանը, իրավական և փաստական հիմքեր, որոնք վկայում են, որ գործն ունի խոսքի ազատության սահմանափակման, քաղաքական հետապնդման և «chilling effect» ստեղծելու ակնհայտ նպատակ։

Նամակներում շեշտադրվել է նաև, որ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ներկայումս զրկված են Ամանորն իրենց ընտանիքների և երեխաների հետ անցկացնելու հնարավորությունից՝ գտնվելով ապօրինի անազատության մեջ ոչ թե բռնություն գործադրելու, սպառնալիքներ հնչեցնելու, այլ բացառապես խոսքի ազատության շրջանակում արտահայտած մտքերի համար։

AntiFake.am-ը միջազգային կառույցներին կոչ է արել՝

  • պահանջել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի անհապաղ ազատ արձակումը,
  • դատապարտել Հայաստանի իշխանությունների կողմից խոսքի ազատության և անկախ մեդիայի դեմ իրականացվող ճնշումները,
  • պահանջել առգրավված լրագրողական տեխնիկայի անհապաղ վերադարձը,
  • և հետևողական վերահսկողություն իրականացնել Հայաստանում լրագրողների և անկախ ԶԼՄ-ների դեմ կիրառվող հետապնդումների նկատմամբ։

AntiFake.am-ը հայտարարում է, որ շարունակելու է օգտագործել բոլոր իրավական, տեղեկատվական և միջազգային հարթակները՝ խոսքի ազատության, անկախ լրագրության և քաղաքական հետապնդումների դեմ պայքարի համար։

Խմբագրությունը համոզված է, որ ժողովրդավարական պետությունում լրագրողին և մեդիային պատժելը քաղաքական խոսքի համար անթույլատրելի է, և այդպիսի գործելաոճը վտանգում է ոչ միայն կոնկրետ լրագրողների, լրատվամիջոցի այլ ներկայացուցիչների, այլև քաղաքացիների հիմնարար իրավունքները»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ: