Անթալիայի օդանավակայանում 69 մարդ է տարհանվել...

Միներալնիե Վոդիից Անթալիա չվերթն իրականացնող ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել, հայտնում է Haberler-ը։

Անթալիայի օդանավակայանում վայրէջքից հետո ուղևորներին և անձնակազմի անդամներին տարհանել են, սակայն օդանավի զննությամբ պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել։

Ահազանգը ստացվել է RA-89120 գրանցման համարով Sukhoi Superjet 100 ինքնաթիռի թռիչքի ընթացքում։

Օդանավում եղել են 65 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։ Հաղորդումն ստանալուց հետո թուրքական ծառայությունները նախազգուշական միջոցներ են ձեռնարկել և սկսել հետևել ինքնաթիռին։

Անթալիայի օդանավակայանի երկրորդ թռիչքուղու վրա վայրէջքից հետո ինքնաթիռն ուղղորդել են թիվ 5 անվտանգ կայանատեղի։ Օդանավում գտնվող բոլոր անձանց տարհանելուց հետո անվտանգության ծառայությունների աշխատակիցները սկսել են զննել այն։

Ավելի վաղ HavaSosyalMedya պորտալը հայտնել էր, որ հնարավոր պայթուցիկ սարքի մասին ահազանգը ստացվել է այն ժամանակ, երբ ինքնաթիռը գտնվել է Թուրքիայի օդային տարածքում։ Համապատասխան ստորաբաժանումները բերվել են բարձր պատրաստականության վիճակի։

Ըստ İHA գործակալության՝ ինքնաթիռի զննությամբ պայթուցիկ նյութեր կամ կասկածելի առարկաներ չեն հայտնաբերվել։