Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի գլխավորած պատվիրակությանը:
Դատախազությունից հայտնում են, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել մասնակցելու Երևանում կայանալիք՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին:
Աննա Վարդապետյանը ողջունել է հյուրերին ՀՀ գլխավոր դատախազությունում և նշել, որ Համակարգող խորհրդի նիստը կարևոր հարթակ է երկկողմ հանդիպումների ձևաչափով իրավական հարցեր քննարկելու համար:
Բելառուսի գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին ջերմ հյուրընկալության համար:
Աննա Վարդապետյանն ու Անդրեյ Շվեդն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Հիշեցնենք, որ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստը վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում անցկացվել է 2007 թվականին:
Համակարգող խորհրդի 34-րդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակը ներառում է ԱՊՀ անդամ երկրներում հանցավորության վիճակը, հանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայության ապահովումը և այլն։