Աննա Հակոբյանը փողով հանդիպման է հրավիրում․ մ...

Աննա Հակոբյանը «հաջողակ ընտանիքներին» վճարովի ընթրիքի է հրավիրում «ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «ՍՏԵՂԾԵՆՔ ՄԻԱՍԻՆ» նախագծի մեկնարկը, որը «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող արդեն 3-րդ փուլային նախագիծն է։ Նախագիծն ուղղված է Հայաստանում նորաստեղծ ընտանիքների ձեռնարկատիրական ներուժի խթանմանը՝ նրանց տրամադրելով ֆինանսական աջակցություն սեփական փոքր բիզնեսի ստեղծման կամ զարգացման նպատակով։

Նախաձեռնության հիմքում ընկած է համոզմունքը, որ կայացած ընտանիքների աջակցությունը կարող է իրական փոփոխություն բերել նորաստեղծ ընտանիքների կյանքում՝ ձևավորելով փոխաջակցության, բարեգործության նոր մշակույթ։  

«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրով Հիմնադրամը կամուրջ է հանդիսանում տարբեր բնագավառներում հաջողության հասած մարդկանց և առաջին քայլերը կատարողների միջև, աջակցում և հետևում է, որպեսզի բարեգործությունը լինի թիրախային և նպատակային, բարեգործության արդյունքում ստեղծվի հանրային բարիք:

Նախագծին աջակցելու նպատակով մայիսի 26-ին՝ ժամը 18:00-ին, «ՀԱՅՐԻԿ» ռեստորանում կկայանա բարեգործական ընթրիք, որին կարող են մասնակցել հաջողակ և կայացած բոլոր ընտանիքները, ովքեր ձեռք կբերեն մասնակցության տոմս.

· մեկ անձի համար՝ 1 մլն ՀՀ դրամ

· երկու անձի համար՝ 1.5 մլն ՀՀ դրամ

· երեք անձի համար՝ 2.5 մլն ՀՀ դրամ

· չորս անձի համար՝ 3.5 մլն ՀՀ դրամ

Տոմսերից գոյացած ողջ հասույթը կուղղվի ծրագրի շրջանակում ընտրված նորաստեղծ ընտանիքներին, ովքեր կհաղթահարեն ընտրական բոլոր փուլերը և արդյունքում կստեղծեն կամ կզարգացնեն իրենց բիզնեսները։

Տոմսերի ձեռքբերման վերջնաժամկետն է՝ մայիսի 20, 2025թ․