Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, շարունակում է պետության միջոցները ծախսել իր անձնական քմահաճույքների համար։
Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, Աննա Հակոբյանը պետության հաշվին անձնական լրագրող է պահում։ Խոսքը Հանրային հեռուստաընկերության և միևնույն ժամանակ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի աշխատակից Մուշեղ Իսախանյանի մասին է։ Այս լրագրողը ուղեկցում է Աննա Հակոբյանին իր գրեթե բոլոր ուղևորությունների ժամանակ։ Վերջին անգամ Մուշեղ Իսախանյանը Աննա Հակոբյանին ուղեկցել է Չեխիա կատարած այցի ընթացքում։
Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժը Աննա Հակոբյանի Չեխիա կատարած այցի մասին
Նկատենք, որ Փաշինյանի Չեխիա կատարած այցը Հանրային հեռուստաընկերությունից լուսաբանում էր այլ լրագրող, իսկ Մուշեղ Իսախանյանն այնտեղ էր զուտ Աննա Հակոբյանին լուսաբանելու համար։ Մուշեղ Իսախանյանը նախորդ տարվա նոյեմբերին էլ Աննա Հակոբյանի հետ եղել է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում։ Նրանք նույն նավի վրա նույնանման լուսանկարներ ունեն։ Իսախանյանը շատ ավելի ուշ է հրապարակել լուսանկարը իր էջում։
Մեր տեղեկություններով Հանրային հեռուստաընկերության եթերում Աննա Հակոբյանի մասին բոլոր ռեպորտաժները պատրաստում է միայն Իսախանյանը։ Ասում են Աննա Հակոբյանը միայն նրան է վստահում այդ պատասխանատու գործը։ Տեղեկացանք, որ Իսախանյանն Աննա Հակոբյանի անձնական կայքի համար հոդվածներ է նաև գրում։ Ներհայաստանյան շրջագայությունների ժամանակ ևս Իսախանյանը մշտապես ուղեկցում է Աննա Հակոբյանին։
Հետաքրքիր է, թե պետական ոչ մի լիազորություն չունեցող Աննա Հակոբյանն ինչո՞ւ է պետական հաստատությունների աշխատակցին պահում, որպես անձնական լրագրող։ Կամ ինչու՞ է Աննա Հակոբյանի գործունեությունը առանձին լուսաբանվում անգամ այն դեպքում, երբ նա պարզապես ուղեկցում է ամուսնուն։ Այս հարցերի պատասխանները ստանալու հույսով դիմել ենք Աննա Հակոբյանին և հուսանք այս անգամ գոնե պատասխան կստանանք։
Հիշեցնենք, որ 2019-ին մենք բացահայտել էինք, որ Աննա Հակոբյանը պետության հաշվին նաև անձնական վարսավիր է պահում։ Այն ժամանակ էլ այդ հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց, բայց Աննա Հակոբյանն այդպես էլ չբացատրեց, թե ինչու պետք է պետությունը ոչ մի պաշտոն չզբաղեցնող մադու անձնական ծախսերը հոգա։ Երևի պատճառն այն է, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք, իսկ իր ամուսինը սիրում է մեզ և խոնարհվում է մեր առաջ։