Օրերս ավարտվեց Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով դատավարությունը։ Հիշեցնենք, որ դեսպան Կառլովը սպանվել էր 2016 թվականի դեկտեմբերի 19-ին, Անկարայում։ Գործով հինգ մեղադրյալ ստացավ ցմահ բանտարկություն, եւս ութը՝ 5-15 տարվա ազատազրկումը։ Չնայած ռուսական ԱԳՆ-ն այս առնչությամբ ընդհանուր առմամբ չեզոք հայտարարություն տարածեց, իսկ դեսպանի այրին էլ խիստ էմոցիոնալ հայտարարությամբ մեկնաբանեց, որ դատավարության ընթացքին չի հետեւել, սակայն հասկանալի է, որ մոտ հինգ տարի ձգվող գործում թուրքական իշխանությունները ինչ որ բան պետք է անեին եւ այդ «ինչ որ բանը» դարձավ դատավճիռը, քանի որ չափազանց ձգձգումը կարող էր ազդել ընդհանուր ռուս-թուրքական հարաբերությունների վրա։
Եվ բացի այդ կամաց կամաց գլուխ էր բարձրացնում անվստահությունը անաչառ դատաքննության հանդեպ։ Բացի այդ, ինչը ուշագրավ է, թուրքական քրեական օրենսգրքի համաձայն մեղադրյալի մեղքը պետք է ապացուցվի հինգ տարվա ընթացքում, հակառակ պարագայում մեղադրյալի դեմ ներկայացված մեղադրանքները պետք է վերացվեն։ Ու չնայած արդեն վճիռը կա, սակայն մեղավորների մասով ներկայացված ապացույցները բավարար չեն։
Բանն այն է, որ թուրքական քրեադատավարական օրենսգրքում ասվում է /հոդված 170/4/, որ մեղադրական եզրակացության մեջ այն իրադարձւոյթունները, որոնցից բաղկացած է հանցագործությունը, պետք է մեկնաբանվեն կապված եղած ապացույցների հետ։ Ու արդեն կոնկրետ գործով, այն դեպքերում, որոնց հետ կապված ապացույցներ գտնել հնարավոր չի եղել, թուրքական իրավապահ-դատախազական համակարգը պարզապես դրանք հորինել է։ Հետաքրքրական է, որ սպանությունից արդեն մի քանի ժամ անց թուրքական իշխող մեծամասնություն հանդիսացող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը «նշանակեց մեղավոր» եւ հայտարարեց, որ դեսպանի սպանության մեջ մեղավոր են գյուլենականները։
Դատախազությունը ամբողջ ընթացքում մի բան փորձեց ապացուցել միայն՝ այն որ սպանությունը կատարած անձը՝ Մեւլյութ Արթընթաշը պատկանում է FETÖ/PDY կազմակերպությանը։ Ընդ որում, թուրքական դատախազությունը դա կատարեց շատ վատ, քանի որ ոչ Ալթընթաշի, ոչ նրա ընտանիքի որեւէ անդամի կապը գյուլենականների հետ, դեռ ապացուցված չէ։ Ու մարդասպանին գյուլենականության հետ կապելու փորձի արհեստածինությունն այնքան ակնհայտ էր, որ մեղադրական եզրակացության մեջ պարզապես անտեսվեց այն, թե մարդասպանն ինչ որ կապ ունեցել է ռադիկալ կազմակերպությունների հետ, թե ոչ։ Թուրքական հասարակության մեջ՝ վերլուծական-փորձագիտական հանրույթում բավական շատ հարցեր եղան, երբ պարզվեց, որ կանխամտածված կերպով որոշ ապացույցներ էլ այս գործի հետ կապված, պարզապես թաքցվել են։
Շատ փորձագետներ կարծում են, որ պարզապես դատախազությունը սխալ ընթացքով է տարել հետաքննությունը եւ իշխանությունների նշանակած մեղավորի հետ գործը ինչ որ կերպ կարել ցանկանալով, մոռացել է ստուգել օրինակ մարդասպանի՝ այլ շրջանակների հետ ունեցած կապերն ու հարաբերությունները, որոնք կարող են տանել ընդհուպ մինչեւ թուրքական ներկայիս իշխող քաղաքական վերնախավ/ի դեպ վերջին 5-6 տարում ցանկացած աղմկահարույց գործ թուրքական իշխանությունների հանձնարարականով դատախազությունը կապում է գյուլենականության կամ քրդերի հետ/։