Անկարան արտաքին ուժերի փորձեր է արձանագրում՝ Իրանում ներքին պառակտում հրահրելու և քաղաքացիական հակամարտություն բորբոքելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով՝ Թուրքիան դեմ է երկրում իրավիճակի ապակայունացմանն ուղղված ցանկացած նախաձեռնության, ներառյալ՝ էթնիկ կամ գենդերային հողի վրա առճակատում բորբոքելու փորձերը: Ֆիդանը զգուշացրել է, որ նման քայլերը կարող են հանգեցնել վտանգավոր հետևանքների և ընդգծել է, որ Անկարան թույլ չի տա նման սցենարների իրականացումը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Թուրքիան ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրում Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու համար: Ըստ նրա՝ երկրի նախագահը բանակցություններ է վարում տարբեր պետությունների ղեկավարների հետ, իսկ թուրքական դիվանագիտությունն ակտիվորեն փոխգործակցում է հարևանների և գործընկերների հետ՝ դեէսկալացիայի և հակամարտության ավարտին հասնելու համար:
Ֆիդանը հավելել է, որ ինչպես Արևելքում, այնպես էլ Արևմուտքում գտնվող շատ պետություններ, ընդհանուր առմամբ կիսում են լարվածության նվազեցման անհրաժեշտության նույնատիպ մոտեցումը:



