Անկախ նրանից, թե ով կլինի ԱՄՆ-ի նոր նախագահը,...

Անկախ այն հանգամանքից, թե Միացյալ Նահանգներում սպասվող նախագահական ընտրությունների արդյունքում ով կդառնա նախագահ, մենք երկու կուսակցությունների հետ էլ հանձնառու ենք աշխատանք կատարել ու նրանց հետ համագործակցել՝ առաջ մղելու հայկական շահերն ու հետաքրքրությունները։

Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված «Սփյուռքահայ համայնքների զարգացման հնարավորությունները» խորագրով պանելային քննարկման ընթացքում ասաց Չիկագոյում ՀՀ պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանը։

Նա մանրամասնեց, որ Միացյալ Նահանգների ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցության շարքերում կան հայազգի ներկայացուցիչներ, կան նաև ուղղակի անհատներ, որոնք երկու կուսակցություններին էլ աջակցում են։

Այդուհանդերձ ԱՄՆ-ում ապրող հայերը, որոնք ապրում են մեծ քաղաքներում, կարծես թե մի փոքր ավելի հակված են դեպի Դեմոկրատական կուսակցությունը։

«Մենք աշխատելու և համագործակցելու ենք բոլորի հետ՝ առաջ մղելով հայկական շահերը»,-ընդգծեց Թաթոսյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ում կարևոր հանգամանքներից մեկն այն է, որ հայերը կարողանում են երկխոսել և հարաբերություններ կառուցել այլ ազգերի ներկայացուցիչների հետ։