
Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից առաջ հարցազրույց է տվել հուjն-ամերիկյան «Ethnikos Kiriks» թերթին։ Գերապետրիտիսը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին և նշել, որ վերջին մեկուկես տարում Անկարայի հետ հարաբերություններում որոշակի առաջընթաց կա։ Գրում է ermenihaber.am-ը:
Մասնավորապես որպես դրական զարգացումներ է որակել օդային տարածքի հետ կապված թեժ վեճերի նվազումը, միգրացիայի վերաբերյալ համագործակցության ամրապնդումը և ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը։
Ըստ արտգործնախարարի՝ Հունաստանը փոխզիջումների չի գնա ինքնիշխան իրավունքների հարցում։
«Անիրատեսական է, ակնկալել, որ Թուրքիան կհրաժարվի իր վաղեմի պահանջներից։ Մենք միայն բաց ենք մայրցամաքային շելֆի և բացառիկ տնտեսական գոտու սահմանազատման վերաբերյալ միջազգային իրավունքի վրա հիմնված բանակցությունների համար»,- ընդգծել է Հունաստանի արտգործանխարարը։
Նա նաև պնդել է, որ Թուրքիան Էգեյան և Արևելյան Միջերկրականում հարցերը վերածել է ընդգրկուն սակարկության գործընթացի և չնայած նրան, որ երկու երկրները ունեն տեսակետների տարբերություն, անհրաժեշտ է երկխոսության շարունակականությունը։