ԱՆԻՖ-ը ներկայացրեց «Ազդեցության գնահատական» ա...

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ներկայացրեց «Ազդեցության գնահատական» առաջին զեկույցը, որտեղ ներառված են 2021-2022 թթ. ընթացքում ֆոնդի կողմից իրականացված ծրագրերի տնտեսական,  ֆինանսական, բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ԲՍԿ) ազդեցության ցուցանիշները։ 

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը նշեց, որ այսօր բիզնեսը և ներդրումները ոչ միայն տնտեսական և ֆինանսական արդյունքներ պետք է ապահովեն, այլև պետք է նպաստեն նոր բիզնես և  կորպորատիվ մշակույթի, նոր բնապահպանական, սոցիալական և կառավարչական չափանիշների ներդրմանը:

 Ըստ Դավիթ Փափազյանի, տեղական գործընկերներից շատերն առաջին անգամ են գնահատում իրենց նախագծերի որոշ ասպեկտներ, այդ թվում՝ ԲՍԿ-ի տեսանկյունից: «Մեր գործընկերներից չենք ակնկալել կատարելություն։ Բայց կարևորը գործընթացի սկիզբն է: Մենք նպատակ ունենք ամեն տարի հետադարձ հայացք գցել մեր նախագծերին և տեսնել դրական փոփոխություններ մեր գործունեության բոլոր ոլորտներում՝ միևնույն ժամանակ պարտավորվելով բարելավել այդ արդյունքները գալիք տարվա համար»,- նշեց Դավիթ Փափազյանը:

Նրա խոսքով՝ ԱՆԻՖ-ի բոլոր համատեղ ծրագրերը և գործընկերները համագործակցությունը սկսելուց մինչև 2022 թվականի երրորդ եռամսյակի ավարտը ներառյալ իրենց գործունեության 3-12 ամիսների համար ներկայացրել և վճարել են ընդհանուր առմամբ մոտ 470 մլն դրամի հարկեր և պետական տուրքեր: «Բոլոր ծրագրերը միասին նպաստել են 2021-2022 թվականներին շուրջ 800 աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը։ ԱՆԻՖ-ի բոլոր համատեղ ընկերություններն իրենց աշխատակիցներին երկրի միջին աշխատավարձից ավելի բարձր աշխատավարձ են ապահովել»-ասաց նա։

Դավիթ Փափազյանն ընդգծեց, որ ԱՆԻՖ-ի հաջորդ քայլը կլինի Կայունության զեկույցի ներկայացումը 2023 թվականին, որտեղ ավելի մանրամասն անդրադարձ կլինի նախագծերին և ֆոնդի սեփական ԲՍԿ վարքագծին:

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ ֆոնդի գործունեության հիմքում դրված է ներդրումային միջավայրում նոր մշակույթ ձևավորելու ամենակարևոր հանձնառությունը: «2019 թվականին, երբ  ստեղծվում էր ԱՆԻՖ-ը, կարևորագույն բաղադրիչներից էր, որ այն չլինի  միայն պետական սուվերեն հիմնադրամ, որը միայն աջակցելու է  նոր բիզնես նախաձեռնությունների ստեղծմանը: Հարթակը  մեկ այլ կոնկրետ գործառույթ ուներ. պետք է լինեին ռազմավարական ոլորտներին վերաբերվող ներդրումներ, և  ամենակարևորը՝ նոր ստանդարտների և մշակույթի ձևավորումը,  Հայաստանի ներդրումային միջավայրում:

Երեք տարվա գործունեության ընթացքում ես վստահորեն և հպարտորեն կարող եմ ասել, որ ԱՆԻՖ-ը ունի մեծ ձեռքբերումներ, և բոլոր այն ներդրումները, որոնք  իրականացրել է հիմնադրամը, դրանք նոր չափորոշիչներ են սահմանում՝ ամեն մեկը իր ոլորտում, լինի դա գյուղատնտեսություն, ավիահաղորդակցություն, արևային կայանները, որոնք պետք է կառուցվեն և այլն»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Նա հավելեց, որ հիմնադրամի ցանկացած ծրագրի համար հաջողակ և եկամտաբեր բիզնես ստանալը առաջնայինը չէ, այլ ամենակարևորը, թե ինչ ազդեցություն կունենա այդ բիզնեսը տվյալ ոլորտի վրա՝ բնապահպանական, սոցիալական և  կառավարչական առումով:

«Ազդեցության գնահատական» զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ԱՆԻՖ-ի պաշտոնական` anif.am կայքում: