Անի համայնքում կկայանան ՏԻՄ ընտրություններ

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»,  թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն արդեն ավարտված է՝ ընտրապայքարին մասնակցելու հայտ են ներկայացրել երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,  «Ազգ-համայնք»  դաշինքը և  «Հայկական երազանք» կուսակցությունը՝ ընդհանուրը  147 թեկնածուներ։

Շիրակի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը «Արմենպրեսին» տեղեկացրեց, որ առաջադրումներն արդեն ավարտված են և այս պահին տեղի է ունենում փաստաթղթերի ուսումնասիրման գործընթացը:

«ՏԸՀ-ն ուսումնասիրում է փաստաթղթերը: Օգոստոսի 26-ին 18:00-ին արդեն հստակ  կունենանք, թե առաջադրված կուսակցություններից ու դաշինքից ինչ գրանցում կլինի»,-նշեց Արամ Անտոնյանը՝ տեղեկացնելով, որ համայնքն իրականացնում է ժամանակացույցով  նախատեսված որոշակի պարտականություններ՝ դահլիճների տրամադրման ժամանակացույց, տեխնիկական հարցեր և այլն, որոնք գտնվում են մարզպետարանի համապատասխան վարչության վերահսկողության  տակ:

Այս պահին ՏԸՀ-ի կողմից կազմակերպչական  խնդրի ահազանգ չի ստացվել:

Նշենք, որ  ՏԸՀ  ՔՊ-ից ստացել է  ընտրություններին մասնակցության   63 թեկնածուների հայտ, ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը։

«Ազգ-համայնք» դաշինքը, որը ձևավորել է Ռեֆորմիստների և Հայաստանի ժողովրդավարական ազատական միության կուսակցությունների միավորումը, ունի ավագանու  61 թեկնածու,  ցուցակը գլխավորում է Անի խոշորացված համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանը, ով երկար տարիներ եղել է Մարալիկի քաղաքապետը։

«Հայկական երազանք»  կուսակցությունը թիվ 33 ՏԸՀ է ներկայացրել   ավագանու 23 թեկնածուներից կազմված ցուցակ, որ գլխավորում է  Ագուն Սաղաթելյանը։

19 բնակավայր ունեցող համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 31-իմ և կավարտվի սեպտեմբերի 23-ին։